ՀՀ նախագահը Ադրբեջանի վարքագիծը պայմանավորել է միջազգային դերակատարների մոտեցմամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ունեցած ելույթում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և տեղի ունեցողը պայմանավորել Ադրբեջանի մոտ անպատժելիության զգացմամբ, որն ըստ նախագահ Սարգսյանի, միջազգային հանրության որդեգրած մոտեցման արդյունքն է:
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի նախօրեին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական խաղարար ջանքերի ընթացքում Ադրբեջանը ողջ աշխարհի աչքի առջև, իր անպատժելիությանը վստահ, միջազգային բազմաթիվ դերակատարների կողմից հակամարտության մեջ ներգրավված կողմերի գործողությունների միջև հավասարության նշան դնելու պրակտիկայից ոգևորված, հերթական անգամ լկտիաբար խախտեց հրադադարի պահպանման՝ իր իսկ ստանձնած պարտավորությունները»,- հայտարարել է հանրապետության ղեկավարն ու նշել, որ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման արդյունքում զոհվել են 4 հայ երիտասարդ զինվորներ, ովքեր «անմիջական վտանգից շատ հեռու էին և առաջին գծից 5 կմ հեռավորության վրա զբաղված էին իրենց առօրյա գործունեությամբ»: Նախագահը նաև հիշեցրել է, որ այդ դեպքից մեկ օր առաջ էլ՝ «իրենց տանը, իրենց այգում, իրենց սիրելիների աչքի առջև զոհվեցին խաղաղ աշխատանքով իրենց ընտանիքի հոգսերը հոգացող երեք կին՝ մայր, քույր, դուստր»։
Անդրադառնալով նշված դեպքերին՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Նրանք զոհվեցին, որովհետև մի ամբողջ աշխարհ չի կարողանում Ադրբեջանին հասկացնել, որ մարդկային կյանքի, արյան, զրկանքների ու կտտանքների, սեփական քաղաքացիների ձայնը բանտերում խեղդելու ճանապարհը չի տանում դեպի խաղաղություն, չի տանում դեպի բարօրություն, չի տանում դեպի կայունություն և անվտանգություն։ Ինչպես բազմիցս ապացուցել է մարդկության ժամանակակից պատմությունը, Ադրբեջանի իշխանությունների որդեգրած ուղին, մարդկության դեմ հանցագործությունների ուղին կա՛մ հասցնում է միջազգային պատժի, կա՛մ տանում է դեպի համբերության բաժակը մինչև վերջ լցված սեփական ժողովրդի կանգնեցրած կառափնարան»։
Նախագահի խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Նախորդիվ՝
Սերժ Սարգսյան. Շարքայինից մինչև հրաման տվող հայտնաբերվելու և հետապնդվելու են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին