Ստեփանակերտում տոնական միջոցառումները չեղյալ են հայտարարվել
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քիչ առաջ հրավիրել է շտապ խորհրդակցություն՝ երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դժբախտ միջադեպով պայմանավորված մայրաքաղաքի օրվա տոնակատարության կազամակերպման և անցկացման միջոցառումների ծրագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը:
«Նախատեսված տոնական միջոցառումները չեն կայանալու»,- հակիրճ ասել է Ա. Հակոբյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.):