ԵԽԽՎ նախագահ. Տարածքային ամբողջականությունը Եվրոպայի խորհրդի համար շատ կարևոր է
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մեկնարկից առաջ ԵԽԽՎ նախագահը ներկայացրեց նստաշրջանի օրակարգը, ինչպես նաև պատասխանեց լրագրողների հարցին։
Հայաստանից ժամանած լրագրողներից մեկը հարց ուղղեց Անն Բրասյորին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, նշելով, որ Ադրբեջանը շարունակում է իրեն պահել որպես ագրեսոր։
Հարցին ի պատասխան, ինչպես հայտնեց Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, Անն Բրասյորը նշեց, թե՝ բազմիցս ասվել է, որ Եվրոպայի խորհրդի համար տարածքային ամբողջականությունը շատ կարևոր է, սակայն մյուս կողմից՝ բռնությունը չի կարող լինել պատասխան։
«Անկասկած, պետք է լինեն բանակցություններ։ Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ են և մենք պետք է զբաղվենք դրանով և երկխոսության միջոցով փորձենք գտնել լուծումը։ Դուք կարող եք տեսնել լարվածությունը երկու կողմից վեհաժողովի դահլիճում: Մենք պետք է հաղթահարենք այդ բաժանումը և մարդիկ պետք է պարտավորվեն՝ լուծում գտնելու համար, քանի որ զոհերն ապրում են Եվրոպայի խորհրդի տարածքում՜ մենք պետք է պաշտպանենք նրանց, նրանք ևս ունեն իրավունքներ»,-ասաց Անն Բրասյորը։