Սահմանադրության փոփոխությունների նախագծի շուրջ քննարկումներն ԱԺ-ում ավարտվել են
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ Սահմանադրության փոփոխությունների նախագծի շուրջ ԱԺ պատգամավորների քննարկումներն ավարտվել են, և հավանաբար հոկտեմբերի 2-ին Նախագծի վերջնական տեքստը կհրապարակվի: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Եթե ոչ հոկտեմբերի 2-ին, ապա մինչև հոկտեմբերի 5-ը Սահմանադրության փոփոխությունների վերջնական տեքստը կհրապարակվի և հոկտեմբերի 5-ի առավոտյան Ազգային ժողովում ՀՀ նախագահի ներկայացուցիչը կներկայացնի փոփոխությունները: Դրանից հետո քննարկում չի լինի, և ներկայացուցչի ելույթից հետո Նախագիծը կդրվի քվեարկության», -հավելեց Վահրամ Բաղդասարյանը:
Մեր հարցին, թե խորհրդարանում բոլոր խմբակցությունների հե՞տ են եղել վերջնական քննարկումները, Բաղդասարյանը պատասխանեց, որ ովքեր ցանկացել են, հանդիպել, քննարկել են:
«Օրինակ, ՀԱԿ-ի առանձին պատգամավորներ մասնակցել են վերջնական քննարկումներին, «Ժառանգություն»-ից նույնպես որոշ պատգամավորներ ներկա են եղել, իսկ խմբակցություններից ներկա են եղել Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանը», «Օրինաց երկիրը» և «Դաշնակցությունը», որոնք որպես խմբակցություններ ներկայացել են քննարկման», -հավելեց Բաղդասարյանը: