Հայկական կողմը համարժեք պատասխան է տվել, հակառակորդը լուրջ կորուստներ ունի. Յուրի Խաչատուրով
«Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր մտցնելու անհրաժեշտություն այս պահին չկա: Մենք ինքներս էլ կարող ենք զսպել սադրանքները, որոնց ամեն օր դիմում է Ադրբեջանը», -այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունների բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։
Գեներալ-գնդապետի ներկայացմամբ, միայն վերջին 15 օրվա ընթացքում ադրբեջանական կողմը մի քանի հազար արկ և ական է օգտագործել, որոնք պայթել են հայկական խաղաղ բնակավայրերում, դիրքերում, թիկունքում՝ առաջնագծից 10 կմ հեռավորության վրա։ «Մենք համարժեք պատասխան ենք տվել։ Նրանք լուրջ կորուստներ ունեն»,- նշեց Գլխավոր շտաբի ղեկավարը:
Նա համեմատություն անցկացրեց և ասաց, որ Հայաստանի Զինված ուժերը ի տարբերություն ադրբեջանական բանակի, չի գնդակոծում գյուղերը, չի սպանում խաղաղ բնակիչներ:
Հայաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, ըստ պաշտոնյայի, այցելում են սահմանամերձ գյուղեր, հանդիպում բնակիչների հետ, տեղեկանում իրավիճակի մասին ու հայտնում ձեռնարկվող միջոցառումների մասին։ Գլխավոր շտաբի պետը հայտարարեց, որ սահմանային միջադեպերը բացառել հնարավոր չէ, քանի հակառակորդը ականանետեր է օգտագործում:
ԶՈւ Գլխավոր շտաբի պետի խոսքով, հայկական կողմը Ադրբեջանին բազմիցս է առաջարկել հետ քաշել դիպուկահարներին սահմանից, հետաքննություն անցկացնել քաղաքացիական անձանց սպանության յուրաքանչյուր գործով, սակայն Ադրբեջանը մերժողական կեցվածք է ընդունել:
Հարցին, թե մտահոգիչճ չէ, որ ՀԱՊԿ-ն սահմանային լարվածության վերաբերյալ չի արձագանքում, ի պատասխան Յուրի Խաչատուրովը նկատեց, որ «լուրջ արձագանքը» ցանկալի է: «Մենք նույն անվտանգության համակարգում ենք, օգնություն դեռ չենք խնդրում, բայց զուտ մարդկային աջակցությունը ցանկալի է»,- ավելացրեց Խաչատուրովը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան