Օսիպյան. Լսեք, պարոն Զուրաբյան, դո՞ւք եք ադեկվատը
Ազգային Ժողովի շենքի դիմաց Սահմանդրական փոփոխությունների դեմ բողոքող քաղաքացիների առաջ ելույթ ունեցող ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանի ելույթը կիսատ մնաց:
Ոստիկանները հեռացրեցին ԱԺ շենքի ճաղերին լոզունգներով փակցված կտորը, ինչպես նաև մի քանի փոքր ցուցանակներ: Մի քանի մարդու էլ շարքերից դուրս հանեցին:
Սա հարուցեց հավաքվածների զայրույթը, սկսեցին վանկարկել՝ ամոթ, ազատություն, միասնություն և այլն: Հնչեցին սուլոցներ:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ բանակցող ՀԱԿ խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանին Օսիպյանը հարցրեց. «Դուք ո՞վ եք»:
«Մարդիկ պաստառներով եկել են, մասնակցում են ակցիային: Ավարտից հետո կտանեն պաստառները: Ինչո՞ եք ոչ ադեկվատ պահանջներ դնում քաղաքացիների առաջ»,-ասաց Զուրաբյանը:
Սա բարկացրեց Օսիպյանին. «Լսեք, պարոն Զուրաբյան, դո՞ւք եք ադեկվատը, հա՞: Դուք եկել եք, գնդապետին ասում եք, ոչ ադեկվա՞տ»:
Փոխոստիկանապետն ասաց, որ ոստիկանությունը գործում է «Հավաքների ազատության մասին» օրենքի պահանջներին համապատասխան, կոչ արեց ակցիայի մասնակիցներին բերել օրինական դաշտ: