Ե. Զախարյանն ու Իրանի «Սադերաթ» բանկի տնօրենը քննարկել են էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ֆինանսավորման հարցը
Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Թեհրանում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի և Իրանի «Արտահանման և զարգացման բանկի գործադիր տնօրեն Ալի Սալեհ Աբադի միջև կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ֆինանսավորման հարցը:
Հիշեցնենք, որ Իրանի արտահանման և զարգացման բանկի գործադիր տնօրենն օրերս լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով բանկի ծավալած գործունեությունը, տեղեկացրել է, որ իր ղեկավարած բանկը մասնակցություն կունենա Հայաստանի հետ իրականացվող «գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի» շրջանակներում կառուցվող 107 մլն եվրո արժողությամբ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությանը, որն ավարտին հասցնելու նպատակով «Սադերաթ» բանկը 83 միլիոն եվրո գումար կհատկացնի»:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Իրան–Հայաստան 400կՎ երկշղթա օդայի գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 279 կմ է: Ծրագրի նպատակն է նաև միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը: Վերոհիշյալ ենթակառուցվածքների զարգացումը ուղղված է ՀՀ-ի տարածաշրջանային և միջտարածաշրջանային ինտեգրման համար՝ Հայաստանով տարանցիկ փոխադրումների միջոցով էներգակիրների սեզոնային հյուսիս-հարավ (Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Իրան) փոխանակումներն ապահովելու համար:
Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 24 ամսում:
Թեմայի առնչությամբ նախորդ հրապարակումը՝
Բիժան Զանգանե. Հայաստանից Իրան ներկրվող էլեկտրաէներգիայի ծավալները կմեծանան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում