ՄԻԵԴ-ում Թուրքիայի դատավոր. Նախորդ տարի 236 մարդ հետաքննվել է Թուրքիայի նախագահին վիրավորելու համար
Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված «Արտահայտման ազատություն․ արդյո՞ք այն դեռևս նախապայման է ժողովրդավարության համար» երկօրյա կոնֆերանսը, որին մասնակցում են ավելի քան 300 ներկայացուցիչներ՝ մոտ 50 երկրներից։ Այս մասին հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը։
Բավական հետաքրքիր էր ընտրված բանախոսների կազմը։ Ելույթով և ազատ արտահայտման իրավունքի պաշտպանությամբ հանդես եկավ Թուրքիայի Սահմանադրական դատարանի նախագահ Զուհտու Արսլանը՝ ներկայացնելով սահմանադրական դատարանի կողմից ազատ արտահայտման իրավունքի պաշտպանության դեպքեր։
Կոնֆերանսի բանախոսների մեջ էին նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Թուրքիայի և Գերմանիայի դատավորներ Իսիլ Կարակաշը և Անգելիկա Նուսբերգերը։
Կենֆերանսի բացմանը ելույթ ունեցավ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ով նշեց, որ երբեք չպետք է կեղծ ընտրություն կատարել ազատության և անվտանգության միջև, քանի որ մեզ անհրաժեշտ են երկուսն էլ։
Կոնֆերանսը վարող և բանախոս Ջոշուա Ռոզենբերգը, ով 15 տարի եղել է BBC-ի իրավական հարցերով թղթակիցը, բավական քննադատական արտահայտվեց Եվրոպայի խորհրդի մասին՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը հաճախ չի մատնանշում այն երկրներին, որոնք խախտում են մարդու իրավուքները, այնինչ ազատ արտահայտման իրավունքը խախտած երկիրը պետք է անվանվի և ամոթանքի արժանանա՝ մատնանշելով Թուրքիային և Ադրբեջանին։
«Իմ կարծիքով, նրանք չպետք է տեղ ունենան այնպիսի միջազգային կազմակերպությունում, որի հիմնաքարերն են մարդու իրավունքները։ Ես գիտեմ, որ Եվրոպայի խորհուրդը կարծում է, որ ավելի լավ է այդ երկրներին պահել «ներսում», քան նրանց դուրս հանել։ Սակայն Եվրամիությանը միանալու համար երկրները պետք է համապատասխանեն ժողովրդավարական չափանիշներին։ Ինչո՞ւ պետք է ԵԽ-ն համագործակցի այն երկրների հետ, որոնք խախտում են օրենքի գերակայությունը։ Ժամանակն է խիստ խոսել, եթե խոսքը չի օգնում, ապա ԵԽ նախարարների կոմիտեն պետք է քայլեր ձեռնարկի՝ մինչև անգամ երկրի անդամակցության դադարեցում մի քանի տարով։ Եթե մենք այսպիսով կորցնենք 1 կամ 2 երկիր, ապա մյուս երկրներն առավել մեծ ուշադրություն կդարձնեն ժողովրդավարության հիմնաքարերին։ Այն երկրները, որոնք մերժում են ազատ խոսքը պետք է անվանվեն և ամոթանքի արժանանան»,-ասաց Ջոշուա Ռոզենբերգը։
Ռոզենբերգը բավական կտրուկ հարցադրումներ էր ուղղում կոնֆերանսի մասնակից, ՄԻԵԴ-ում Թուրքիայի դատավոր Իսիլ Կարակաշին՝ նշելով, որ Թուրքիայում բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ դատապարտվում են Թուրքիայի նախագահին, վարչապետին վիրավորելու համար և արդյոք կարող է արդարացված լինել լրագրողին բանտ ուղարկելը նախագահին վիրավորելու համար։
Դատավոր Կարակաշը համաձայնեց, որ այո՛,գնալով աճում են դեպքերը, երբ մարդիկ դատապարտվում են կառավարությանը և հատկապես նախագահին վիրավորելու համար՝ ավելացնելով, որ Թուրքիայի օրենսգրքում առկա է կետ, որում ասվում է, որ յուրաքանչյուրը, ով կվիրավորի նախագահին կարող է դատապարտվել մինչև 4 տարվա ազատազրկման։
«ՄԻԵԴ նախադեպային իրավունքով քաղաքական գործիչների նկատմամբ քննադատության սահմաններն առավել լայն են, քան անհատներինը»,-ասաց դատավորը՝ նշելով, որ միայն նախորդ տարի 236 մարդ հետաքննվել է Թուրքիայի նախագահին վիրավորելու համար։