Ես կմասնակցեմ խորհրդարանական ընտրություններին. Արա Աբրահամյան
«Ես հիմա որոշումը կայացրել եմ մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Իմ համար հիմա աշխատում են մեծ քանակությամբ մարդիկ, կազմում են ծրագրեր», -այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Խորհրդարանական ընտրություններին, ըստ բանախոսի, մասնակցելու երկու հավանական ձև կա` նոր կուսակցություն ստեղծելը կամ արդեն գոյություն ունեցող կուսակցության հետ միասին ընտրություններին մասնակցելը:
«Ամենահավանականը նոր կուսակցություն ստեղծելն է, չեմ բացառում նաև ինչ-որ մի կուսակցության հետ ընտրություններին միասին գնալը», -հայտարարեց Աբրահամյանը` ընդգծելով, որ կուսակցության գաղափարախոսության կամ անելիքների մասին վերջնական որոշումը կկայացվի մարտին:
Նա ասաց, որ Հայաստանում խնդիրները լի են, չի քննադատելու ոչ մեկին, ուղղակի գալիս է խնդիրները լուծելու:
«Այնպես չէ, որ ես աշխատանք եմ փնտրում: Այնպես չէ, որ գիշերը չեմ քնել ու որոշել եմ գալ Հայաստան կուսակցություն ստեղծել: Երբ տեսնում եմ , թե ինչ վիճակի մեջ է իմ երկիրը, որոշել եմ կարճ ժամանակում փորձել կազմել մի այնպիսի ծրագիր, որը կարող է հայ ժողովուրդը ընդունի», -հավելեց Աբրահամյանը:
Հարցին, թե ինքը հայաստանյան օրենսդրությամբ իրավունք ունի՞ Հայաստանում երկար տարիներ չապրելով, կուսակցություն ստեղծել ու մասնակցել ընտրություններին, Աբրահամյանը պատասխանեց. «200-250 իրավաբաններ ունեմ ու իմ համար տարբեր աշխատանքներ են տանում, կպարզեն, կուսումնասիրեն: Ես Հայաստանի քաղաքացի եմ, գալիս եմ շուտ-շուտ Հայաստան, այցելում եմ իմ Մալիշկա գյուղ: Այնպես որ որևէ խախտում չի լինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան