«Դիմադրել պատմության վերանայման փորձերին և անցյալից դասեր քաղել». Նախագահը 2015թ-ի 2 կարևորագույն իրադարձությունների մասին
«2015 թվականը Հայաստանի ժողովրդի համար խորհրդանշական է իր նորագույն պատմության երկու կարևորագույն իրադարձություններով. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Երկուսի հիմնական ուղերձն է՝ չմոռանալ մարդկային ողբերգությունները, դիմադրել պատմության վերանայման փորձերին և անցյալից դասեր քաղել՝ մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու նպատակով»,- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային համաժողովի ժամանակ ունեցած ելույթում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Պետության ղեկավարը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն ամբողջ աշխարհում անցկացվեցին «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի ներքո, այդ միջոցառումների ամենակարևոր հենասյուներից մեկը դարձավ Հայաստանի ձգտումը` իր ներդրումն ունենալու ցեղասպանութան հանցագործության դեմ միջազգային պայքարի գործում:
«Ապրիլին Երևանում կայացավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովը՝ հայտնի քաղաքական գործիչների, առաջատար գիտնականների և փորձագետների մասնակցությամբ: Մենք մտադիր ենք համաժողովին տալ պարբերական բնույթ և այն դարձնել կարևոր միջազգային հարթակ ցեղասպանական հանցագործությունների դեմ պայքարի համար:
Այդ հարցում կարևոր դեր է տրվում փորձագիտական հանրությանը, որի օբյեկտիվ գիտական հետազոտությունների շնորհիվ տրվում են այդ չարաբաստիկ հանցագործության իրավական, բարոյական ու քաղաքական գնահատականներ, և բարձրանում է միջազգային հանրության իրազեկության մակարդակը: Այդ պատճառով մենք սկսել ենք սերտ համագործակցել գիտնական-ցեղասպանագետների Միջազգային ասոցիացիայի հետ և Հայաստանում ընդունեցինք նրանց 12-րդ համաշխարհային կոնգրեսը:
Հայաստանը երախտապարտ է այն բազում տասնյակ երկրներին, որոնք միացան մեր նախաձեռնություններին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում և Գլխավոր վեհաժողովում՝ աջակցելով և հնարավոր դարձնելով համապատասխան փաստաթղթերի ընդունումը՝ հռչակելով դեկտեմբերի 9-ը, որպես բոլոր որպես բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի և այդ հանցագործությունը կանխարգելելու միջազգային օր:
Մենք մտադիր ենք շարունակել նման նախաձեռնությունները և նպաստել այդ դաժան հանցագործության բոլոր դրսևորումների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ստեղծմանը»,- իր ելույթում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախորդող հրապարակումներ՝
ՀՀ նախագահ. Կուժեղանա ընդդիմության ինստիտուցիոնալ դերը
Ռուսաստանը կարևոր դեր է խաղում ԼՂ հակամարտության կարգավորման ուղիների որոնման գործում. ՀՀ նախագահ