«Վստահ եմ, որ մեզ կհաջողվի մեր լուման ներդնել ինտեգրացիոն գործընթացների հետագա առաջխաղացման գործում»
Հայաստանի արտաքին քաղաքականությունը ավանդաբար հիմնվում է բարիդրացիության, գործընկերության, թափանցիկության և հավասարակշռության, մեր տարածաշրջանում շահեր ունեցող ուժերի ոչ թե հակադրման, այլ համադրման սկզբունքների վրա: Այս քաղաքականության իրականացման գործում առաջնային տեղերից մեկը տրվում է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերության համակարգված և հետևողական խորացմանն ու ընդլայնմանը: Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային համաժողովի ժամանակ ունեցած ելույթում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հայաստանը և Ռուսաստանը միավորում են ակտիվ քաղաքական երկխոսությամբ, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական, գիտական և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև միջտարածաշրջանային համագործակցության բնագավառում սերտ փոխգործակցությամբ բնութագրվող ամուր դաշնակցային հարաբերությունները:
Հայ-ռուսական հարաբերությունները միայն միջպետական համագործակցության ամուր հիմքի վրա չեն հիմնված. դրանց հիմքում ընկած է ժամանակի փորձությունն անցած մեր ժողովուրդների բարեկամությունը, որոնց օգնությամբ կյանքի են կոչվում հեռանկարային նոր ծրագրեր:
Մենք շարունակում ենք արդյունավետ փոխգործակցություն ծավալել միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում: Այդ փոխգործակցության նոր խթան դարձավ Եվրասիական տնտեսական միության ձևավորումը և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի գործունեության ակտիվացումը:
Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է վերաբերում ՀԱՊԿ-ում իր նախագահությանը և բծախնդրորեն մոտեցավ առաջիկա չորս տարիներին Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի թեկնածուի ընտրության հարցին:
Վստահ եմ, որ մեզ կհաջողվի մեր լուման ներդնել ինտեգրացիոն գործընթացների հետագա առաջխաղացման գործում՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների:
Ռուսաստանի Դաշնությունը կարևոր դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնման, ինչպես նաև մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում:
Հայաստանի երկկողմ համագործակցության օրակարգում կարևոր տեղ է հատկացվում հարևան երկրերի՝ Իրանի և Վրաստանի հետ փոխհարաբերությունների զարգացմանը: Այս համատեքստում Իրանի միջուկային խնդրի կարգավորումը, հատկապես՝ մեր մյուս հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման պայմաններում, մեր երկրի համար առանձնակի կարևորություն ունի»,- իր ելույթում նշեց նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախորդող հրապարակումներ՝
«Դիմադրել պատմության վերանայման փորձերին և անցյալից դասեր քաղել». Նախագահը 2015թ-ի 2 կարևորագույն իրադարձությունների մասին
ՀՀ նախագահ. Կուժեղանա ընդդիմության ինստիտուցիոնալ դերը
Ռուսաստանը կարևոր դեր է խաղում ԼՂ հակամարտության կարգավորման ուղիների որոնման գործում. ՀՀ նախագահ