Եկել է ժամանակը կոնկրետ ու համակարգված բանակցություններ վարելու համար. Ջեյմս Ուորլիք
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամ են ինտենսիվացնել ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված գործընթացը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա տեղեկացրեց, որ այսօր Հայաստանում մի շարք հանդիպումներ կունենան բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այնուհետև կմեկնեն Լեռնային Ղարաբաղ, որտեղից էլ` հատելով շփման գիծը կուղևորվեն Ադրբեջան:
Հակամարտության լուծման ուղղությամբ նրանք ձեռնարկելու են մինչև տարվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, որը երկար ժամանակ է` չի կայացել:
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ժամանակ որոշ գաղափարեր ենք առաջ քաշելու երկու երկրների հասարակությունների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ», -հավելեց համանախագահը:
Լրագրողը նկատեց, թե իր վերջին հարցազրույցներից մեկում պարոն Ուորլիքը կոչ էր արել նաև Հայաստանին նստել բանակցությունների սեղանին և հետաքրքրվեց` ի՞նչ նկատի ուներ համանախագահը:
Հարցին դիվանագետը պատասխանեց այսպես. «Բանակցությունները հակամարտության լուծման ուղղությամբ արդեն 20 տարի է շարունակվում են: Բայց հիմա եկել է ժամանակը կոնկրետ ու համակարգված բանակցություններ վարելու համար: Ես դա եմ նկատի ունեցել իմ հարցազրույցում: Նույնիսկ քաղաքական կամքի դրսևորման պարագայում նախագահները հանդիպում են կարճ ժամանակով ու վերջ: Իսկ սա բավարար չէ հակամարտությունը լուծելու համար: Մենք չենք ակնկալում, որ մասնակիցները հանդիպումների ժամանակ լուծումն սկսեն բարդագույն խնդիրներից: Խաղաղության հասնելու համար կան բազմաթիվ տարրեր: Իսկ ինչո՞ւ չեն փորձում լուծել հակամարտության ամենափոքր խնդիրները»:
Ամերիկացի համանախագահի խոսքով, բացի նախագահական մակարդակի հանդիպումներից, պետք է երկու երկրների ներկայացուցիչները «առավել ինտենսիվ» հանդիպումներ ունենան:
Լրագրողներից մեկը ԱՄՆ պաշտոնյային հիշեցրեց ԱՄՆ կոնգրեսականների հայտարարությունը, որի համաձայն, համանախագահները հավասարության նշան են դնում շփման գծում կողմերի գործողությունների միջև և հարցրեց, թե պատրաստվո՞ւմ են վերանայել դիրքորոշումը: Ի պատասխան Ջեյմս Ուորլիքն ասաց, որ իրենք ծանոթ են կոնգրեսականների հայտարարությանը և հավելեց, որ համանախագահների հայտարարությունները արվում են իրենց ձեռքի տակ եղած փաստերի հիման վրա:
«Մենք առաջարկել ու առաջարկում ենք շփման գծում ցանկացած բռնության դեպքի վերաբերյալ անկախ հետաքննություն իրականացնել: Այդ գաղափարին կողմերը պետք է համաձայնություն տան, որպեսզի ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմ իրականացվի», -հավելեց դիվանագետը:
Մեկ այլ լրագրող էլ նկատեց, որ ամերիկյան հետախուզության գործունեությունը հայտնի է բոլորին, և նույնիսկ վիրավորական է, որ ԱՄՆ-ն այդ պարագայում չի կարողանում պարզել իրականությունը շփման գծում, այսինքն` ով է խախտում հրադադարը և ինչպես: Ի պատասխան պարոն Ուորլիքը կրկնեց նույնը. ասաց, որ իրենք հայտարարությունները անում են իրենց ունեցած փաստերի հիման վրա և կողմերը պետք է հարգեն հրադադարը:
«Մենք հետաքննության արդյունավետ միջոցներ չունենք, որպեսզի ուսումնասիրենք կատարվածը: Ո՞վ է արել, չունենք պատասխան: Մեզ անհրաժեշտ են մեխանիզմներ», -հավելեց բանախոսը:
Ինչ վերաբերում է սեպտեմբերին շփման գծում լարվածության աճին և մասնավորապես, ականանետերի կիրառմանը, Ուորլիքն ասաց, որ իրենք անհանգստացած են եղել կատարվածով.
«Մեզ անհանգստացնում է այն, որ այժմ սահմանին օգտագործվում են մեծ նռնականետեր և ծանր զինամթերք, դրանք կարող են կործանարար հետևանք ունենալ: Երկու տարի առաջ հիմնականում դիպուկահարների խնդիրն էր, այժմ իրավիճակն ավելի վտանգավոր է դարձել. զոհվում են խաղաղ բնակիչներ կանայք և տղամարդիկ: Կուզեի, որ կողմերը հանձնառություն ստանձնեին զերծ մնալ այդպիսի զինատեսակների օգտագործումից, հակառակ դեպքում կա լարվածության մեծացման ռիսկ: Պետք է հարգել հրադարարն ու բանակցությունների ընթացքը: Չեմ կարծում, թե կողմերից մեկը տեսնում է հակամարտության ընդլայնում»:
Հարակից հրապարակումներ`
Համանախագահները կհատեն շփման գիծը
Սարգսյան-Ալիև հանդիպումը մինչև տարեվերջ կկայանա. Ուորլիք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան