Համանախագահների մասնակցությամբ դիտարկման ժամանակ ադրբեջանական կողմից գնդակոծություն է գրանցվել
Հոկտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:
Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցել են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից:
Սակայն դիտարկման ավարտի պահին գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից ադրբեջանական կողմից:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Նախորդող հրապարակումներ՝
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ստիպված են եղել զրահաբաճկոններով անցնել շփման գիծը. Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը
Համանախագահները կհատեն շփման գիծը