Թուրքիայում կայացած ընտրությունների արդյունքներն անակնկալ էին բոլորի համար. Չաքրյան
Թուրքիայում նախօրեին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները շշմեցուցիչ էին, այդպիսի արդյունք ոչ նախագահ Էրդողանն էր սպասում, ոչ էլ վարչաետ Դավութօղլուն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Նա նշեց, որ նույնիսկ միջազգային մամուլում ընտրությունների արդյունքները սենսացիա են համարում, անակնկալ էր, որևէ մեկը չէր սպասում:
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է քվեների 49.36 տոկոսը: Հունիսի 7-ին կայացած խորհրդարանակն ընտրություններում Ազգայնականների շարժումը 16 տոկոս էր հավաքել, նախօրեի արտահերթ ընտրություններում՝ 11 տոկոս: Ըստ թուրքագետի, հենց ազգայնականների ձայներից է գնացել ԱԶԿ-ի օգտին:
«Հավանական է, ընտրախախտումներ եղել են, հատկապես քրդական շրջաններում, բայց Էրդողանի ընտրազանգվածը ցածր զարգացման մակարդակ ունեցող մարդիկ են, նրանց չի հետաքրքրում խոսքի ազատությունը, մարդու իրավունքները, նրանց հետաքրքրում է, որ իրենց աղջիկները դպրոց գնան գլխաշորով, դասավանդվի կրոն, Մուհամեդ Մարգարեի կյանքն ու գործունեությունը ներառված լինի դասագրքերում: Այսինքն նրանք ինչ խնդրել են, Էրդողանը տվել է, իսկ հիմնական խնդիրները նրանց չի հուզում», ասաց Հ. Չաքրյանը:
Թուրքագետի կարծիքով, Թուրքիայում կշարունակվի արդեն սրված իրավիճակը՝ քրդական հարց, աջակցություն իսլամիստներին, որի հետևանքով տարաձայնություններ կունենան դաշնակից Արևմուտքի հետ, իսկ Ռուսաստանի հետ արդեն հարաբերությունները սրված են:
Ըստ բանախոսի, կսրվեն նաև ալավիների խնդիրը: Թուրքիայի տնտեսական ոչ այնքան լավ վիճակը, Հ. Չաքրյանի խոսքով, նույնպես դժգոհությունների ալիք կբարձրացնի:
Հիշեցնենք, որ Թուրքիայում երեկ տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Դրանց մասնակցում էր 16 կուսակցություն:
Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ: Խորհրդարանում հայտնված 4 կուսակցություններից ոչ մեկին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ձևավորել (550 պատգամավորից բաղկացած խորհրդարանում մեծամասնություն ապահովելու համար անհրաժեշտ է 275+1 ձայն)՝ միայնակ կառավարություն կազմելու համար: 40.98 տոկոս ձայն ստացած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարան անցած մյուս կուսակցությունների հետ կոալիցիոն կառավարություն կազմելու համար բանակցություններ էր վարում: Սակայն կոալիցիոն կառավարություն կազմելու համար Էրդողանի կողմից լիազորված ԱԶԿ նախագահ և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի` մյուս կուսակցությունների ղեկավարների հետ անցկացրած բանակցությունների արդյունքում այդպես էլ կառավարություն կազմելու շուրջ համաձայնության ձեռք չէր բերվել:
Նախորդող հրապարակում՝
Էրդողանը կոչ է արել հարգել Թուրքիայի ընտրությունների արդյունքները