Էրդողանը կոչ է արել հարգել Թուրքիայի ընտրությունների արդյունքները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ամբողջ աշխարհին հարգել երկրում անցկացրած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնց արդյունքում իշխող կուսակցությունը ստացել է ձայների 50 տոկոսը:
Արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ստամբուլի մզկիթ այցից հետո՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Էրդողանը հայտարարել է, որ նոյեմբերի 1-ին քաղաքացիները քվեարկել են հանուն երկրի կայունության: Նշենք, որ նախնական տեղեկություններով Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցությունը ստացել է քվեների 49.36 տոկոսը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում երեկ տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Դրանց մասնակցում է 16 կուսակցություն, այդ թվում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլերին» հարող կուսակցությունը: Թուրքիայում ընտրելու իրավունք ունի 54 միլիոն 49 հազար 940 մարդ:
Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ: Խորհրդարանում հայտնված 4 կուսակցություններից ոչ մեկին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ձևավորել (550 պատգամավորից բաղկացած խորհրդարանում մեծամասնություն ապահովելու համար անհրաժեշտ է 275+1 ձայն)՝ միայնակ կառավարություն կազմելու համար: 40.98 տոկոս ձայն ստացած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարան անցած մյուս կուսակցությունների հետ կոալիցիոն կառավարություն կազմելու համար բանակցություններ էր վարում: Սակայն կոալիցիոն կառավարություն կազմելու համար Էրդողանի կողմից լիազորված ԱԶԿ նախագահ և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի` մյուս կուսակցությունների ղեկավարների հետ անցկացրած բանակցությունների արդյունքում այդպես էլ կառավարություն կազմելու շուրջ համաձայնության ձեռք չէր բերվել: