Հենց գործող համակարգն է հնարավորություն տալիս իշխող կուսակցության ղեկավարին չդառնալ երիտասարդ թոշակառու. Հարությունյան
«Եթե նայեք պատմությունը, այո, եկել է ինչ-որ պահ, որ առանց հանրային ճնշման, իշխանությունը սահմանափակել է իրեն: Եթե խոսքը վերաբերում է նախագահներին, ապա դարձյալ, մեծ գաղտնիք բացահայտած չեմ լինի պատմական առումով, եթե ասեմ, որ իրենք դա, որպես կանոն, անում են իրենց կառավարման վերջին փուլում»,-այսօր Սահմանադրության փոփոխությունների նախագծի կառավարման ձևի և ընտրական համակարգի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց Հանրապետական կուսակցության անդամ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Անդրադառնալով քննարկմանը հնչած այն մտքին, թե տրամաբանական չէ, որ գործող նախագահը սահմանափակի իր իշխանությունը, հետևաբար, «երիտասարդ թոշակառու» չհամարվելու համար նախաձեռնվել են սահմանադրական բարեփոխումներ, Հարությունյանը հակադարձեց.
«Հենց այսօրվա գործող համակարգն է հնարավորություն ընձեռում իշխող կուսակցության ղեկավարին չդառնալ երիտասարդ թոշակառու, ինչո՞ւ, որովհետև վարչապետը, և նման օրինակներ ունենք` Պուտին, Իվանիշվիլի վարչապետներ էին` ամբողջ իշխանությունը կենտրոնացնելով իրենց ձեռքում, թեև կային նախագահներ: Ի՞նչն էր խանգարում այսօրվա գործող համակարգի պարագայում իշխող կուսակցության ղեկավարին և երկրի գործող նախագահին, շարունակելով հենց այս համակարգը, դառնալ վարչապետ, եթե հաջողություն լինի մյուս ընտրությունների ժամանակ, որի հավանականությունը անհամեմատ մեծ է գործող Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի շրջանակներում: Սրա հետ համադրեք նախագահի հայտարարությունը, որ եթե այս փոփոխությունները տեղի ունեցան, ապա նա չի պատրաստվում զբաղեցնել ոչ ՀՀ նախագահի, ոչ վարչապետի և ոչ էլ ԱԺ նախագահի պաշտոնները: Այնպես որ իրականում այստեղ փնտրել երիտասարդ թոշակառու չդառնալու հիմքը կարծում եմ իմաստ չունի»: