Քաղաքականությունը պայքար է, որտեղ հայկական կողմը պատշաճ ձևով հանդես չի գալիս. Լ. Ալավերդյան
«Առաջին տարին չէ, որ ԵԽԽՎ-ն այդ ուղղվածությունն ունի: Որևէ նորություն տեղի չի ունեցել: Մեր պառլամենտական դիվանագիտությունը հերթական անգամ ցույց տվեց իր անօգնական լինելը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի կողմից ընդունված՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցի նախագծի մասին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստում հավանության է արժանացել «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերնագրված զեկույցի նախագիծը, որը ներկայացրել էր բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերը: Այն կներկայացվի 2016թ․-ի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի քննարկմանը։
Ըստ նրա, Հայաստանը պետք է վաղուց ունենար մի հաստատություն, ինստիտուտ, որը նախապատրաստեր, աշխատեր պատգամավորների հետ ելույթների տեքստեր պատրաստելու համար նախքան նման միջազգային հարթակներում ելույթ ունենալը. «Այդպես էլ չգտանք աշխատելու ձև այն ոլորտում, որը կոչվում է պառլամենտական դիվանագիտություն: Պետք է ոչ թե զարմանալ, այլ պետք է աշխատել: Չկա պատշաճ, ադեկվատ մոտեցում այլ հարթակներում աշխատելու համար, չկա կոնցեպցիա, ամենօրյա աշխատանք, նախաձեռնողականություն, այլ ասվածին փորձում են հենց տեղում արձագանքել»:
Լ. Ալավերդյանը նաև նշեց, որ Եվրոպայում բացակայում է հայկական լոբբին, ի տարբերություն ԱՄՆ-ի:
«Նահանգների հայկական լոբբին կազմակերպված ուժ է, ինստիտուտ է, գործում է հստակ ձևավորված նորմերով, դաշտում: Այդպիսի կազմակերպություն չունենք Եվրոպայում»,-ասաց նա:
Լ. Ալավերդյանն ընդգծեց, որ քաղաքակիրթ աշխարհում, ոչ քաղաքակիրթ միջավայրում պետք է կարողանալ աշխատել ճիշտ՝ հօգուտ ազգային շահի: Այս դեպքում, ըստ նրա, ոչ մի օղակ պատշաճ չի աշխատել:
«Ադրբեջանն աշխատում է սիստեմատիկ, կարողանում է իր սուտն առաջ տանել: Քաղաքականությունը պայքար է, որտեղ հայկական կողմը պատշաճ ձևով հանդես չի գալիս»,- նշեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրենը:
Ըստ նրա, քաղաքականության մեջ ամեն մի փաստաթուղթ դառնում է փաթեթի նյութ, որը գործընթացի համար ծանրակշիռ փաստարկ է դառնում Ադրբեջանի ձեռքին:
«Վատն այն է, որ մենք չենք հասցնում ներկայացնել Արցախի բախման, բանավեճի ճշմարիտ պատկերը»,- ասաց Լ. Ալավերդյանը՝ հավելելով, որ արդյունք ստանալու համար պետք է աշխատել, պետք է դաշնակիցներ ունենալ և միասին աշխատել:
Նախորդող հրապարակումներ՝
Հ. Մելիք-Շահնազարյան. Պրո-ադրբեջանական քարոզչական փաստաթուղթը կարելի է ուղղել հենց Ադրբեջանի դեմ
Այդ տեքստը չի դիմանա որևէ քննադատության. Թ.Պողոսյանը՝ ԼՂՀ վերաբերյալ զեկույցի նախագծի մասին
Դավիթ Բաբայան. Զեկույցից ադրբեջանական խավիարի, նավթի հոտ է գալիս
ԵԽԽՎ հանձնաժողովը հավանության արժանացրեց Ղարաբաղի վերաբերյալ Ուոլտերի խայտառակ զեկույցը
ԵԽԽՎ հերթական ամոթը. Ադրբեջանական լոբբիստը նշանակվեց ԼՂ զեկուցող
Ռոբերտ Ուոլտերն արդեն պատրաստել է ԼՂ վերաբերյալ զեկույցի նախագիծը