«Սասունը սկի իրա կարիքը չունի ուր մնաց ժողովուրդն իր կարիքն ունենա… »
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն այն պաշտոնյաներից է, ում մամուլը պարբերաբար պաշտոնանկ է անում, սակայն նա շարունակում է պաշտոնավարել: Ավելին` օրերս մամուլը հերթական անգամ գրեց, թե իբր, նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է մարզպետին պաշտոնից զրկել: Իրականում Կ.Շահգալդյանը շաբաթ օրը Ծաղկաձորում նախագահի կողքից ոչ մի քայլ չհեռացավ ու ամենևին էլ չէիր ասի, թե նման սև ամպեր են նրա գլխավերևում կուտակվել:
Panorama.am-ի հարցադրմանն էլ մարզպետը արձագանքեց. «Ինձ պաշտոնանկ անե՞լ` չի ստացվի …անկեղծ եմ ասում` չի էլ ստացվի, որքան էլ մամուլը դրա մասին գրի»:
Հիշեցնենք, շաբաթ օրը նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպեց ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ և Կոտայքի մարզպետը ողջ հանդիպման նախագահի կողքին էր:
Առհասարակ` մամուլի հրապարակումները իր մասով անհեթեթություններ է համարում. «Դրանք այնքան անհեթեթ են, որ ես նույնիսկ չեմ էլ ցանկանում մեկնաբանել. Ի վերջո ես այսօր այստեղ եմ, նախագահի կողքին, ո՞ւր է մամուլը»,- նշեց նա:
Անդրադառնալով փետրվարի 12-ին Հրազդանում սպասվող քաղաքապետի ընտրություններին ու առաջադրված թեկնածուներին` գործող քաղաքապետ Արամ Դանիելյանին ու Սասուն Միքայելյանին, Կ.Շահգալդյանը նախ նշեց, որ քարոզարշավը շատ բարեհաջող է ընթանում ու որ ամենակարևորն է` օրենքի շրջանակում. «Մենք հաղթելու ենք»: Ավելորդ է հիշեցնել, որ մարզպետը կանգնած է ՀՀԿ-ական գործող քաղաքապետի կողքին:
Իսկ Սասուն Միքայելյանի առաջադրման կապակցությամբ ի՞նչ կասեք, թեև սա առաջին անգամ չէ, երբ նա պայքարում է Հրազդանի համար. արդյոք ժողովուրդը ունի Ս.Միքայելյանի կարիքը. «Սասունը սկի իրա կարիքը չունի ուր մնաց ժողովուրդն իր կարիքն ունենա» ,- հավելեց Կոտայքի մարզպետը: