Օսկանյան. Այսօր ակնհայտ է, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը փակուղում է
Արտաքին գործերի նախկին նախարար, այժմ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Քեթրին Էշթոնի հայտարարությանը: Հիշեցնենք, որ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթացը կենսական նշանակություն ունի Եվրամիության հետ Հայաստանի քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման ներուժի լիարժեք օգտագործման համար: Նա կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ավելացնել ջանքերը համաձայնության հասնելու ուղղությամբ:
«Էշթոնի հայտարարությանը նախորդել էր մեքսիկական Լոս Քաբոսում Մեծ քսանյակի գագաթաժողովի ընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը, որի դիվանագիտական ձևակերպումները, ինչպես նկատեց առաջին նախագահն իր վերջին ելույթում, բավական խիստ էին և էապես տարբերվում էին նախորդ՝ լ'Ակվիլայի (2009թ.), Մուսկոկայի (2010թ.) և Դովիլի (2011թ.) հայտարարություններից:
Այսօր ակնհայտ է, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը փակուղում է: Ես չեմ հիշում մի ժամանակ, երբ փակուղին այսքան խորը լիներ: Ստեղծված իրավիճակի պատճառները երկուսն են.
Նախ, այսօր սեղանի վրա չկա մի փաստաթուղթ, որը բոլոր կողմերն ընդունեն որպես բանակցային հիմք: Սա լուրջ պրոբլեմ է: Վեճը գնում է փոփոխված երեք տարբեր փաստաթղթերի շուրջ. Սոչիի փաստաթուղթ, որ բացարձակապես անընդունելի է Հայաստանի համար, Սանկտ Պետերբուրգի փաստաթուղթ, որ բացարձակապես անընդունելի է Ադրբեջանի համար, և Կազանի փաստաթուղթ, որը նույնպես անընդունելի է Ադրբեջանի համար: Սա բնականաբար բանակցությունները շարունակելու լուրջ խոչընդոտ է:
Երկրորդ, փակուղու պատճառ է նաև այն, որ այս տարիների ընթացքում չհամաձայնեցված խնդիրներն ավելացել են: Կազանից հետո շրջանառության մեջ են Ադրբեջանի առաջարկած տասը փոփոխությունները, որոնք անընդունելի են հայկական կողմի համար:
Այսօր միջնորդների խնդիրն է (հավանաբար Քլինթոնն իր այցելության ընթացքում փորձել է դա անել), որ կողմերը վերջիվերջո փաստաթղթերից մեկն ընդունեն որպես բանակցային հիմք: Բացի այդ, շատ տրամաբանական է ենթադրել, որ Քլինթոնը Բաքվում Ադրբեջանին առաջարկել է հրաժարվել նրա առաջարկած տասը կետերի մեծ մասից (8-9-ից), իսկ հայկական կողմին Երևանում խնդրել ընդունել դրանցից գոնե մեկը կամ երկուսը:
Իմ խորին համոզմամբ՝ Քլինթոնը Հայաստանից ձեռնունայն է գնացել, քանի որ Հայաստանը չէր կարող նոր բան ավելացնել Կազանում արդեն ընդունածի վրա:
Կարծում եմ՝ հայկական կողմի բանակցային թերացումը եղել է այն, որ ժամանակից շուտ և պետք եղածից շատ համաձայնել է իր զիջումների բաժնին՝ առանց վստահ լինելու, որ Ադրբեջանն էլ արած կլինի իր առավելագույն զիջումները: Ի դեպ, բանակցային նույն սխալը թույլ է տրվել նաև հայ-թուրքական գործընթացում:
Ահավասիկ, ստեղծված այս իրավիճակն է պատճառը, որ միջնորդները իրենց իրավունք են վերապահում հավասարապես մեղադրանք դնել կողմերի վրա, երբ ակնհայտորեն Ադրբեջանն է, որն իր ծայրահեղ պահանջներով խոչընդոտում է ինչպես բանակցային գործընթացը, այնպես էլ ռազմատենչ հայտարարություններով և սահմանային ոտնձգություններով վտանգում փխրուն խաղաղությունը»:
Նախորդող հրապարակում`
Այսօր Սերժ Սարգսյանը կմասնակցի ԵԺԿ գագաթաժողովին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները