Գյումրեցիները խնդրում են զորք մտցնել իրենց քաղաք. Որտե՞ղ է նրանց ընտրած պատգամավորը
Գյումրի քաղաքն ընդգրկող թիվ 34 ընտրատարածքից պատգամավոր ընտրված «Բարգավաճ Հայաստանի» անդամ Մարտուն Գրիգորյանն այս օրերին խուսափում է հեռախոսազանգերին պատասխանել` կամ անջատում է, կամ ուղղակի չի վերցնում:
Նախօրեին բաց նամակով մի խումբ գյումրեցիներ դիմել էին Հայաստանի իշխանություններին զորք մտցնել քաղաք, քանի որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, վախի մթնոլորտ է տարածել քաղաքում և սպառնալիքներ տեղացել:
«Անգամ եղել են ծեծի դեպքեր, մասնավորապես իրենց հարազատ Սլաբոտկա թաղամասում», -գրված էր լրատվամիջոցներին տարածած բաց նամակի մեջ:
Գյումրիից ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանից փորձում էինք պարզել` որքանո՞վ է նա տեղեկացված այս ամենի մասին և արդյոք իսկապե՞ս վախի մթնոլորտ է տիրում Գյումրիում: Գրիգորյանի օգնականն ասաց, որ պատգամավորը Հայաստանում չէ, սակայն մամուլի խոսնակ Աղասի Աբրահամյանը փոխանցեց ամբողջությամբ հակառակ տեղեկություն. «Մարտուն Գրիգորյանը Հայաստանում է, հանգստանում է, օգնականը երևի չի իմացել»:
Որպես պատգամավորի խոսնակ, հետաքրքրվեցինք, թե Աբրահամյանն ինչպես է մեկնաբանում գյումրեցիների կողմից նամակում արտահայտած դժգոհությունները, թե քաղաքում վախի մթնոլորտ է: «Գիտե՞ք ինչ, մեր քաղաքում էդ ե՞րբ է լավ եղել, որ հիմա լավ լինի»:
Այսինքն, պարոն Աբրահամյան, դուք հաստատո՞ւմ եք, որ իրավիճակը Գյումրիում լարված է, վատ է:
-Ես ոչ մի բան էլ չեմ հաստատում, էս երկրում չեք ապրե՞լ: Դուք էլ եք էս երկրում ապրել, գիտեք` ոնց ա եղել, ոնց չի եղել:
Երբ խնդրեցինք` Մարտուն Գրիգորյանի մեկնաբանությունը Գյումրիում ստեղծված վիճակի մասին, Աբրահամյանը փոխանցեց. «Ես բացարձակապես ոչ մի բան չեմ մեկնաբանում և դրա իրավունքը չունեմ: Երբ տվյալ պաշտոնյան որևէ խոսք չի ասել, որ փոխանցեմ, ինչի՞ պիտի ինչ-որ բաներ մոգոնեմ»:
Ի՞նչ խունտա է աշխատում Վարդան Ղուկասյանի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա