Ներիր ինձ Մհեր, որ կողքիդ չէի. Պատգամավորը դիմել է լրագրողին
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը «Facebook» սոցիալական ցանցում դիմելով «Ա1+» լրագրող Մհեր Արշակյանին, գրել է. «Իմ սիրելի Մհեր Արշակյան, պարզապես ջղայնացած եմ միջադեպի պատճառով, ինքս, ցավոք, ներկա չեմ եղել, չգիտեմ թե մինչ այդ ինչ է եղել, տեսանյութից եմ իմացել, բայց, անկախ ամեն ինչից, որևէ մեկը իրավունք չունի լրագրողի հետ/հատկապես քեզ նման զուսպ և հավասարակշռված լրագրողի/ այդպես վարվել: Խնդրում եմ ներիր ինձ, քանի որ կողքիդ չէի և հնարավորություն չունեի անկարգին կարգի հրավիրելու»:
Panorama.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ազգային Ժողովում, երբ քննարկվում էր Էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ հարցը իրեն նույն թեմայի վերաբերյալ հարց տալու նպատակով մոտեցած «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը սպառնացել է՝ ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:
Լրագրողից հրապարակավ իրենց կուսակից պատգամավորի փոխարեն ներողություն են խնդրել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Սակայն Մհեր Սեդրակյանը «1in.am»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել:
Այդ կապակցությամբ «Facebook» սոցիալական ցանցում բազմաթիվ լրագրողներ համախմբվել են և պատրաստվում են նամակով դիմել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ պատգամավորին պարտադրելու ներողություն խնդրել լրագրողից: Լրագրողները պատրաստվում են նաև դիմել Էթիկայի հանձնաժողով: