Հերթական թանկացումը. 10-12%-ով կաթնամթերքի գները բարձրացել են
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ հանգստյան օրերին տեղի է ունեցել կաթնամթերքի գների բարձացում՝ 20-25 դրամի չափով: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ մամլո քարտուղար Գայանե Սահակյանը, գրեթե բոլոր խոշոր ընկերությունները բարձացրել են բոլոր տեսակի կաթնամթերքի գները:
Օրինակ՝ եթե մի քանի օր առաջ «Աշտարակ կաթ» ընկերության 200 գ թթվասերը վաճառվում էր 215 դրամով, ապա այսօր այն վաճառվում է 235 դրամով, իսկ 500 գ. մածունը 260-ից դարձել է 280 դրամ: «Դուստր Մարիաննա» ձեռնարկության թթվասերն էլ նախկին 210 դրամի փոխարեն վաճառվում է 230 դրամով:
Գ.Սահակյանը հայտնեց, որ գնային փոփոխություն գրեթե բոլոր ընկերությունների արտադրատեսակներում կա: Հանձնաժողովը շուկայում իրականացրած ուսումնասիրություններից հետո դիմել է կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններին: Վերջիններս պատճառաբանել են, թե կաթնամթերքի գները բարձրացել են դրսից ներկրվող հումքի թանկացման պատճառով, բացի այդ կաթի մթերման գներն են բաձրացել: «Այս պատճառաբանությունները Հանձնաժողովի ուսումնասիրության համար հիմք են, բայց ոչ բավարար: Հանձաժողովը կսկսի նաև փաստաթղթային ուսումնասիրություն իրականացնել»,- ասաց Գ.Սահակյանը:
Նա նաև նշեց, որ Հանձնաժողովը գրություն է ուղարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ պարզաբանում խնդրելով, թե վերջին շրջանում կաթի գների դինամիկան ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել: «Ամբողջ ինֆորմացիան համադրելուց հետո միայն կկարողանանք պատկերացում կազմել, թե որն է կաթնամթերքի գների բարձրացման պատճառը»,- ընդգծեց ՏՄՊՊՀ մամլո քարտուղարը:
Գների բարձրացման վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններից: Panorama.am-ին «Աշտարակ-Կաթ» ընկերության մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ ցանկացած գնագոյացում կախված է տվյալ ապրանքի ինքնարժեքից՝ հումք, էներգակիրներ, առաքում, աշխատուժ և այլն: ««Աշտարակ-Կաթ»-ն ամեն գնով փորձել է պահպանել իր ապրանքատեսականու գները, նույնիսկ այն բանից հետո, երբ 2011թ-ից հիմնական հումքը՝ մթերվող կաթը թանկացավ մոտ 35%-ով: Նույն ժամանակահատվածում կաթնամթերքը թանկացավ նաև միջազգային շուկայում: Հումքից բացի, արտադրության մեջ օգտագործվող բոլոր նյութերն ու պարագաները ներկրվում են արտերկրից: Միայն մեկ օրինակ. 2011թ-ից սկսած միջազգային շուկայում կարագի գինը բարձրացել է ավելի քան 40%-ով, ընդ որում 20%-ով՝ վերջին ամիսների ընթացքում: Տարադրամի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկման պայմաններում դա շատ թանկ է նստում. մթերքն իրացվում է տեղական արժույթով, իսկ ներկրվող ապրանքի դիմաց վճարվում է տարադրամով: Այս ամենն, իհարկե, ստիպում է, որ կաթնամթերքի տեսականին ենթարկվի գնային որոշակի փոփոխությունների: Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2012թ-ին պարենային մյուս ապրանքների համեմատ, կաթնամթերքը, կարելի է ասել, գրեթե չի թանկացել, քանի որ գնաճը չի գերազանցել 0,6%-ը: «Աշտարակ-Կաթ» ընկերությանը երկար ժամանակ հաջողվել է զսպել գնաճը՝ միայն իր ներքին ռեսուրսների և վարկերի հաշվին, ինչը հակասում է շուկայի օրենքներին: Պետք է հասկանալ, որ նման վիճակագրության դեպքում արտադրողը ոչ թե գերշահույթ է հետապնդում, այլ ինչ-որ չափով փորձում է փրկել ոլորտը, քանի որ այլ ապրանքների ներկայիս գների հետ համեմատած՝ կաթնամթերքի գինն ուղղակի անհամատեղելի է և ընդհանուր գործընթացից դուրս մնալու պարագայում լրջորեն կվտանգվի տարիներով կայացած այս ոլորտը»,- նշում են «Աշտարակ կաթ» ընկերությունից:
«Չանախ» ՍՊԸ-ի տնօրեն Ղուկաս Բունիաթյանը նշեց, որ թեև շուկայում թանկացում կա, սակայն ընկերությունը դեռ թանկացում չի կատարել, բայց նախատեսում են: «Մենք հիմա հաշվարկներ ենք կատարում: Մայիսին գնային փոփոխություն չի լինի, իսկ հունիսից հավանաբար կբարձրացնենք գները»,- ասաց Ղ.Բունիաթյանը:
Նա հայտնեց, որ 2012թ-ի նոյեմբերից սկսած կաթը մթերում են 170 դրամով՝ նախկին 120 դրամի փոխարեն: «Իրականում վիճակը վատ է: Ընդհանուր առմամբ՝ շուկայում պետք է լուրջ ուսումնասիրություններ իրականացնել, որպեսզի հասկանանք, թե գնային փոփոխությունները ինչի հետ ենք կապված»,- նշեց Ղ. Բունիաթյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա