Կառուցել նո՞րը, թե՞ հինը վերականգնել. Մոսկվայում հայկական նոր եկեղեցու մասին
Նախօրեին օծվեց Նոր Նախիջևանի Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ «Սուրբ Պայծառակերպություն» եկեղեցին: Մոսկվայում ևս մեկ հայկական եկեղեցու կառուցումը հակասական արձագանքներ ունեցավ: Մարկանց ու ճարտարապետների մի մասը կարծում է, որ Մոսկվայում ևս մեկ եկեղեցի կառուցելու փոխարեն կարելի էր այդ գումարով վերակառուցել որևէ հին տաճար: Մյուսներն էլ հակադարձում են, որ արտերկրում հայկական եկեղեցու կառուցումը հավատքի տեսանկյունից խիստ կարևոր է: Այս տեսակետի կեղմնակիցներն ընդգծում են նաև այն հանգամանքը, որ նոր եկեղեցում կրթամշակութային կառույց է գործելու:
Պատմական հուշարձաններ վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Ստեփան Նալբանդյանը կիսում է առաջին տեսակետը, նա կողմնակից է, որ եղածը պահպանվի. «Մենք այնքան հին եկեղեցիներ ունենք ու մեզ շատ ավելի անհրաժեշտ է այդ բնակավայրերի հուշարձանները վերականգնելը, քան փողեր ծախսել նորերը կառուցելու համար: Դա ավելի կարևոր եմ համարում և՛ հավատքի կազմակերպման առումով, և՛ պատմության, և՛ մշակույթի տեսանկյունից»,- panorama.am-ին ասաց նա:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը panorama.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ շատ լավ կլիներ, որ բարերաները նաև օգնեին միջնադարյան եկեղեցիները վերակառուցելուն, բայց առայժմ այդ հարցում բացատրական աշխատանքներ են միայն տարվում:
«Վերջին հաշվով մարդն իր գումարներն է տնօրինում, երևի ելնելով ինչ-ինչ բաներից նախևառաջ ուզում է եկեղեցի կառուցել: Հետո, հավանաբար, եթե մի քիչ ավելի ծանոթանան մեր միջնադարյան եկեղեցիներին, արժեքներին, կարող է նաև ձեռք մեկնեն, որ դրանք վերականգնվեն: Ամեն դեպքում դա շատ բարդ գործընթաց է»,- ասաց նա:
Մոսկվայաբնակ Մերի Նազարեթյանն ասաց, որ նորակառույց եկեղեցին շատ գեղեցիկ է և ինքն ուրախ է, որ Մոսկվայում հայկական նման կառույց կա: «Հսկայական շքեղ եկեղեցի է, մեզ մոտ այդպիսի բաները մեծ ուրախությամբ են ընդունվում, հայկական ամեն ինչի համար էլ ուրախանում ենք, նույնիսկ որ խանութում հայկական կոնյակ ենք տեսնում»,- ասաց նա: Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով էր կարևոր հենց եկեղեցի ունենալը, նա նշեց, որ Մոսկվայում հայկական եկեղեցի կար և ինքը այնտեղ էր գնում. «Ոչ մի տարբերություն մոմը այս նոր եկեղեցում կվառեմ, թե` հնում»:
Հավելենք, որ նախօրեին «Սուրբ Պայծառակերպություն» եկեղեցու և եկեղեցական համալիրի ճարտարապետ Արտակ Ղուլյանը panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ հիմնական երկու խնդիր է դրել, որպեսզի, նախ, հայկական ճարտարապետությունը ներկայացվի Հայաստանի սահմաններից դուրս, ինչպես նաև արժանի լինի այն քաղաքի ճարտարապետությանը, որտեղ կառուցվում է. «Կարծում եմ, որ այդ երկուսի համադրության արդյունքում է դիտարկվելու եկեղեցին»:
Նախորդող հրապարակում`
Մոսկվայի եկեղեցին օծվեց, այն կկրի «Սուրբ Պայծառակերպություն» անունը (լուսանկարներ)
Ռուբեն Վարդանյան. Ես ուրախ եմ, որ մեր բոլորի երազանքը ի վերջո իրականացվեց