Քաղաքապետի առաջարկությամբ կկազմվի մայրաքաղաքի խոշոր կիսակառույցների շինարարությունը վերսկսելու ժամանակացույց
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մայրաքաղաքում խոշոր կառուցապատում իրականացնող այն ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք ավելի քան 10 տարի է անավարտ են թողել հաստատված նախագծով շինությունների կառուցումը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Գրեթե մեկ տարի առաջ այս խնդրին էլի ենք անդրադարձել, սակայն անցած ժամանակահատվածում ոչ մի արդյունք չենք գրանցել։ Այսօրվա մեր հանդիպման նպատակն է մի վերջին անգամ քննարկել ու հնարավորին արագ լուծում տալ այս խնդրին: Առաջարկում եմ, Երևանի գլխավոր ճարտարապետի հետ համաձայնեցնելով, կազմել հստակ ժամանակացույց, որով կվերսկսեք շինարարական աշխատանքներն ու դրանք սահմանված ժամկետներում կհասցնեք ավարտին։ Եթե ունեք այլ առաջարկություններ, ապա քաղաքապետարանը պատրաստակամ է քննարկել նաև դրանք և իր լիազորությունների շրջանակում աջակցել: Ճիշտ է, այդ տարածքները, նաև կիսակառույցները ձեր սեփականությունն են, սակայն չեն կարող նույն տեսքով պահպանվել մայրաքաղաքի սրտում կամ քաղաքի ցանկացած այլ կետում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը։
Կողմերը պայմանավորվել են քննարկել ու հնարավորին սեղմ ժամկետում ներկայացնել ժամանակացույցի առաջարկ։
Panorama.am-ը հետևողականորեն անդրադարձել է Կենտրոնը «ապամոնտաժողներին», գնացել կիսակառույցների հետքերով, լուսնակարել ու հետաքրքրվել:
«Սևան»-ը հյուրանոցը բացօթյա զուգարանի էր վերածվել, «Կուկուռուզնիկը»` բազալտի հանքավայրի:
Ավելի վաղ քաղաքապետարանը հրապարակել էր նաև այդ կիսակառույցների ցանկը, իսկ գլխավոր ճարռարապետը հայտարարել էր, որ այն կառուցապատողները, ովքեր տարածքներ ունեն Երևանի կենտրոնում ու շինաշխատանքները կիսատ են թողել կամ ընդհանրապես որևէ աշխատանք չեն կատարել, պետք է քաղաքապետարան ներկայացնեն շինարարական ներդրումային կառուցապատման հստակ ծրագրեր, որոնց հիման վրա կկնքվեն նոր պայմանագրեր ժամկետների, օրացույցային գրաֆիկի, շինարարական աշխատանքների ավարտի վերաբերյալ:
Նախորդող հրապարակումներ`
«Սևան»-ը` բացօթյա զուգարան, «Կուկուռուզնիկը»` բազալտի հանքավայր. Ովքե՞ր են Երևանն ապամոնտաժողները (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)
Կիսակառույցների սեփականատերերը նոր պայմանագրեր պետք է կնքեն քաղաքապետարանի հետ, այլապես…