Վրաստանում հայտնաբերված վարակված կարտոֆիլը Հայաստանից արտահանված չի եղել. Արթուր Նիկոյան
Հայաստանից Վրաստան արտահանված կարտոֆիլը վարակված չի եղել: Հայաստանում անցկացված լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ Վրաստան արտահանված կարտոֆիլը, որ իբր վարակված է եղել գորշ փտում հիվանդությամբ, մաքուր է: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը:
Հիշեցնենք, որ «Ագրեգատոր» ինտերնետային կայքէջն ու մի քանի լրատվամիջոցներ տեղեկատվություն էին հրապարակել, որ Վրաստանը Հայաստանին վերադարձնելու է ավելի քան 470 հազար կգ վարակված կարտոֆիլ: Վրաստանի եկամուտների նախարարության լրատվական ծառայությունը հայտնել էր, Սադախլո անցակետում հայտնաբերվել է, որ կարտոֆիլը վարակված է եղել փտախտով ու քաղցկեղով: Ըստ լրատվամիջոցի, կարտոֆիլի նմուշներն ուղարկվել են հատուկ լաբորատորիա, հետազոտության արդյունքում պարզվել է, որ 114 500 կգ կարտոֆիլ վարակված է եղել, իսկ մնացածն ուսումնասիրության փուլում է:
Ա. Նիկոյանն ասաց, որ ՍԱՊԾ պետ Ա. Բախչագուլյանի հետ միասին Հայաստանից Վրաստան ներկրված կարտոֆիլը վարակված լինելու մասին լուրը լսելուց հետո մեկնել են Վրաստան, հանդիպել վրացի գործընկերների հետ՝ տեղում խնդիրը քննարկելու, լուծումներ գտնելու նպատակով: «Հանդիպմանը ներկա էր նաև այն լաբորատորիայի ղեկավարը, որտեղ փորձաքննության է ենթարկվել Հայաստանից ներկրված կարտոֆիլի նմուշառուն ու իբր հայտնաբերվել է վարակ: Նա ասեց, որ իրենք այն ուսումնասիրել են այն կարտոֆիլը, որը տվել են իրենց: Այդ կարտոֆիլը մեր կարտոֆիլի չի եղել»,- հայտարարեց Ա. Նիկոյանը:
Նա նշեց, որ Վրաստանի սահմանային հսկիչ կետերում բուսասանիտարական հսկում իրականացնող տեսուչները Վրաստանի ՊԵԿ աշխատողներ են և որևէ կապ չունեն Վրաստանի բուսասանիտարական ծառայության աշխատակիցների հետ, նրանք մեկը մյուսից տեղեկացված չեն և Հայաստանի բեռի անվան տակ ներկայացված կարտոֆիլն իրականում Հայաստանից արտահանված կարտոֆիլը չի եղել:
ՍԱՊԾ աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետի խոսքով, նախ Հայաստանում կարտոֆիլի գորշ փտում հիվանդություն չկա, բացի այդ՝ Հայաստանում կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ կարտոֆիլը մաքուր է, որից հետո այն հանվել է ազատ շուկա:
Նա նշեց, որ Վրաստանն ունի ժամանակակից սարքավորումներով զինված լաբորատորիա, փորձառու մասնագետներ, այսինքն չէր կարող սխալմունք լիներ, կրկնեց, որ ուղղակի ներկայացված նմուշառուն Հայաստանի ապրանքը չի եղել, այլ ներկայացվել է մեր ապրանքի տակ:
Այդ խմբաքանակ կարտոֆիլը մեկ տնտեսվարողի չէ պատկանել. «Այս տարվա ընթացքում Հայաստանից Վրաստան է արտահանվել 3200 տոնա կարտոֆիլ, որից 220-230 տոննան է վերադարձվել Հայաստան»: Նա տեղեկացրեց, որ այդ դեպքից հետո էլ Հայաստանն ամեն օր կարտոֆիլ է արտահանում Վրաստան: «Վրաստանն ընդհանուր մակարդակով Հայաստանից արտահանվող կարտոֆիլի դեմ արգելք չի դրել»: Համեմատության համար նշեց, որ 2012 թվականին ՀՀ-ից Վրաստան արտահանվել է 1137 տոնա կարտոֆիլ:
Ի դեպ, ՍԱՊԾ աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետի դիտարկմամբ, բույսի հիվանդությունը մարդու առողջության վրա որևէ ազդեցություն չի գործում, մարդուն վնաս չի հասցնում, այլ վնասում է բույսին:
Պատասխանելով հարցին՝ եթե գտնում եք, որ հայկական կարտոֆիլը վարակված չի եղել, ինչո՞ւ չեք բողոքում, նա կրկենց, որ ինքը և ՍԱՊԾ պետը մեկնել են Վրաստան՝ տեղում խնդիրը պարզելու համար և վրացական գործընկերների հետ եկել են համաձայնության, որ այսուհետ որևէ խնդիր առաջանալու դեպքում պետք է համատեղ իրականացվի նմուշառում, կապարակնքվեն ու ուղարկվեն փորձաքննության, ինչը նախկինում մերժել է հենց վրացական կողմը: «Պայմանավորվածության արդյունքում այսուհետ նմանատիպ խնդիրների դեպքում համատեղ գործողություններ ենք իրականացնելու»,- ասաց Արթուր Նիկոյանը:
Նախորդող հրապարակումներ՝
«Թուրքի արած է, նպատակը` գյուղացուն թալանելը». Բերբերյանը` կարտոֆիլի շուրջ ստեղծված աղմուկի մասին
Վրաստանը Հայաստանից ներկրվող կարտոֆիլը վարակված է համարում. Բախչագուլյանը խնդիրը տեղում հասկանալու համար կմեկնի Վրաստան
Պիպոյանը` վարակված կարտոֆիլի մասին. «Եթե Վրաստանը անօրինական է գործում, պետք է բողոքել համապատասխան ատյաններ»