Բաժանմունքի վարիչ. Շուշան Պետրոսյանի վիճակը կայուն է, ինքը բավականին ակտիվ է
Շուշան Պետրոսյանի վիճակը կայուն է: Ունի գանգուղեղային փակ տրավմա: Այս գիշեր պատահարի հետևանքով «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված երգչուհի, ՀՀԿ-ական պատագամավոր Շուշան Պետրոսյանի վիճակի մասին Panorama.am-ին նման տեղեկություններ փոխանցեց բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին:
«Շուշան Պետրոսյանը հիվանդանոց տեղափոխվել է գիշերը, իր մոտ գանգուղեղային փակ տրավմա է` ավտովթարի հետևանքով: Վիճակը կայուն է: Խոսում է, գիտակցությունը տեղն է, ինքը բավականին ակտիվ է, բժշկական հսկողության տակ է»,-ասաց Ա. Գնունին:
Նրա խոսքով, բացի արդեն իրականացրած հետազոտություններից ևս մի քանի հետազոտությունների երգչուհին կենթարկվի:
Ոստիկանության հաղորդմամբ, կեսգիշերին մոտ` ժամը 23.40-ի սահմաններում, Երևանի Գրիգոր Լուսավորչի և Իտալիայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» մակնիշի տաքսի և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ռենո»-ի ուղևորուհին, «Տոյոտա»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետևանքով Reno-ն հայտնվել է Մյասնիկյանի արձանի սանդուղքներին, իսկ վթարի հետևանքով Toyota-ի վարորդն ու նրա 2 ուղևորները և Reno-ի ուղևորը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը «Նաիրի», մի մասը` «Էրեբունի» բժշկական կենտրոններ: Reno մակնիշի ավտոմեքենան օգտագործվում է տաքսի ծառայությունում որպես տաքսի, իսկ նրա ուղևորը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանը: