Նախագահ Օբամայի հայտարարությունը կլինի ուժեղ հայտարարություն. ԱՄՆ դեսպան
«Ես այստեղ եմ նախագահ Օբամայի, Պետքարոտուղար Քերիի կողմից հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի իրադարձությունների զոհերի հիշատակին»: Այդ մասին քիչ առաջ Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես կարող է ԱՄՆ դիվանագետը մեկնաբանել երեկ, ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ արված Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը, սակայն դեսպանը հրաժարվեց գնահատական տալ դրան:
«Ես, որպես դեսպան, Հայաստանում այլ երկրների ղեկավարների հայտարարությունները թույլ տվեք չմեկնաբանեմ: Միգուցե Վաշինգթոնի կողմից լինի մեկնաբանություն, բայց ես չեմ մեկնաբանի», -հայտարարեց նա:
Հարցին, թե ինչո՞ւ Թուրքիան չի ընդունում ցեղասպանության փաստը, դեսպանը հստակ պատասխան չտվեց և խոսեց ԱՄՆ նախագահ Օբամայի սպասվող հայտարարությունից. «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր, մի քանի ժամից, օրվա առիթով հանդես կգա հայտարարությամբ: Վստահ եմ, որ նա այս տարի ևս իր հիշատակի տուրքը կմատուցի 1,5 մլն հայ զոհերի հիշատակին, ովքեր տեղահանությունների, մահվան երթերի, ջարդերի զոհ դարձան Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Վստահ եմ, որ Օբաման կդատապարտի այս իրադարձությունները որպես 20-րդ դարի ամենավատթարագույն նախճիր: Նախագահի հայտարարությունը կլինի ուժեղ հայտարարություն»:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ԱՄՆ դիվանագետի կարծիքով, Թուրքիան ինչո՞ւ չի ստորագրում հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները, դեսպանն արձագանքեց այսպես. «Մենք ողջունում ենք նախագահներ Սարգսյանի և Գյուլի նախաձեռնությունները: Մենք կարծում ենք, որ երկու երկրների համար էլ էական է ունենալ բաց սահմաններ և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ ձևավորել: ԱՄՆ-ն, Թուրքիայի բարեկամ երկրները շարունակում են ջանքեր գործադրել, որ դա իրականություն դառնա»:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Նախորդող հրապարակումներ`
1915-ին Թուրքիայում տեղի ունեցածը պատերազմի հետևանքով պատահած դէպքեր չէին, պարոն վարչապետ. Արամ Ա-ի պատասխանը Էրդողանին
Էրդողանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ժխտման ավելի կատարելագործված դրսևորում է. Վիգեն Սարգսյան
Էրդողանի քայլը քաղաքական դրդապատճառներ ուներ. Դավիթ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան