Ձերբակալվել է Վերնիսաժի տարածքում կրակոցներ արձակած պատգամավորական փեսան
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 29-ամյա Գոռ Առաքելյանը, որը բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից:
Գոռ Ա.-ն ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ: Գոռ Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
Գոռ Առաքլյանը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է` դստեր ամուսինը: Վերջինը Վերնիսաժի տարածքում վեճի էր բռնվել երիտասարդների հետ ու հինգ անգամ կրակոցներ արձակել տարածքում: Կրակոցների հետևանքով տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել 5 քաղաքացիներ, որոնք պատահական անցորդներ էին:
Մ. Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցից Panorama.am-ին տեղեկացրին, որ բոլոր հինգ վիրավորների վիճակը կայուն է, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Երևանի կենտրոնում հնչած կրակոցների կապակցությամբ քրգործ է հարուցվել
Հրազենային տարբեր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 5 անձ. Հայտնի են նրանց անունները
Կրակոցներ Վերնիսաժի մոտ, մեկ կին և երկու տղամարդ տեղափոխվել են հիվանդանոց