Ի՞նչ ձմերուկ առնել, ինչի՞ հետ չուտել. Խորհուրդ է տալիս սննդաբանը
Ձմերուկը հակացուցում չունի: Panorama.am-ի հետ զրույցում ասաց սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը: Նրա խոսքով, ձմերուկից թունավորումներ հաճախ են գրանցվում, ինչը դրա մշակման ընթացքում օգտագործված պարարտանյութերի հետևանք կարող է լինել:
«Ձմերուկը որպես այդպիսին հակացուցում չունի, սակայն կարևոր է այն ուտել սեզոնին: Մինչդեռ Երևանում այն սկսել են ուտել հունիսի սկզբից»,-ասաց մասնագետը:
Հնարավոր ջերմության բարձրացման, փորլուծության դեպքում նա խորհուրդ է տալիս անմիջապես դիմել բժշկի. «Ձմերուկից թունավորումն այն ինֆեկցիան չէ, որից մահանում են»:
Սննդաբանն ասաց, որ ձմերուկ կարող են ուտել թե երեխաները, թե հղիները, թե կերակրող մայրերը, սակայն պետք է հիշել ամենակարևորը. «Գիտե՞ք, եթե դուք վերցնեք ու միանգամից ուտեք երկու ձմերուկ, ապա կարող է լինել փորլուծություն, իսկ եթե ուտեք մեկ-երկու շերտ, ապա ոչինչ էլ չի լինի: Ինչպես ամեն տեղ այստեղ էլ չպետք է կորցնել չափի զգացումը»:
Ինչի՞ հետ չի կարելի ուտել ձմերուկ: Վ. Պետրոսյանը հիշեցնում է, որ զանազան ուտելիքներ խառնել պետք չէ: Ձմերուկն ու գարեջուրն անհամատեղելի են: Հասարակության մեջ ընդունված այս կարծրատիպի հետ մասնագետն այնքան էլ համաձայն չէ.
«Չկա հակացուցում, որ գարեջրի հետ չի կարելի, բայց եթե ալկոհոլը շատ են օգտագործել, խորհուրդ չի տրվում»:
Վ. Պետրոսյանը ընդգծում է, որ պետք է առնել այն չափի ձմերուկ, որ ուտելուց հետո սառնարան դնելու կարիք չլինի. «Դա վտանգավոր է, պետք է առնել փոքր, ուտել մինչև վերջ, սառանարան դնել չկա, մնացածը պետք է թափել»:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից Panorama.am-ին խոստացան ավելի ուշ տրամադրել տեղեկատվություն, թե այս տարվա ընթացքում, որ երկրներից ի՞նչ քանակությամբ ձմերուկ է ներկրվել, ե՞րբ է Հայաստան բերվել առաջին խմբաքանակը:
Հիշեցնենք, ծառայության բուսասանիտարային վարչության պետ Արթուր Նիկոյանն ավելի վաղ Panorama.am-ին ասել էր, որ նիտրատների քանակությունը ստուգվում է միայն ներկրված մրգի ու բանջարեղենի մեջ, իսկ այս տարի չի գրանցվել դեպք, երբ որևէ մրգի կամ բանջարեղենի մեջ նիտրատների քանակությունը գերազանցի սահմանված նորմերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները