Բերքաբերում հակառակորդի դիպուկահարի կրակոցներից գյուղացի է վիրավորվել. «Այնքան են կրակել մինչև դիպչի»
Այսօր Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբերի գյուղում հակառակորդի դիպուկահարի գնդակից գյուղի բնակիչ է վիրավորվել: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը:
«Այս պահին մենք գտնվում ենք Իջևանի հիվանդանոցում: Բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում: Գյուղացին ստացել է երկու ոտքերի հրազենային վնասվածքներ՝ ծնկներից ներքև»,-մանրամասնեց գյուղապետը:
Նա տեղեկացրեց նաև, որ կրակոցի ժամանակ երիտասարդը եղել է գյուղի ջրամբարի մոտ. «Կրակոցները եղել են նրան սպանելու նպատակով, այնքան են կրակել մինչև դիպչի: Կրակել են նաև մեկ այլ գյուղացու վրա, որը հասցրել է թաքնվել շենքի հետևում»:
Արթուր Մադաթյանի խոսքով` հակառակորդի կողմից կրակոցներ միշտ էլ լինում են, սակայն այս անգամ կրակոցները եղել են դիպուկահարի կողմից: