Պուտինը պատվիրված և սադրիչ է որակել Բորիս Նեմցովի սպանությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին անմիջապես զեկուցվել է Մոսկվայում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մասին։ «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Վերջինիս խոսքերով, ՌԴ նախագահը հանձնարարել է Ներքին գործերի նախարարությանը, Քննչական ծառայության ու Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարներին քննչական խումբ ձևավորել և սպանության հետաքննությունն առնել իր վերահսկողության տակ։
«Պուտինն հայտնել է, որ այդ դաժան սպանությունն ունի պատվիրված սպանության բոլոր հատկանիշներն ու կրում է բացարձակապես սադրիչ բնույթ»,- ասել է Պեսկովը։
Մամուլի քարտուղարի խոսքերով, «երկրի ղեկավարը խորը ցավակցություն է հայտնում սպանված Բորիս Նեմցովի հարազատներին ու մտերիմներին»։
Նշենք, Բորիս Նեմցովը սպանվել էր երեկոյան Մոսկվայի կենտրոնում։ Անհայտ անձը կամ անձիք, ովքեր նախնական վկայությունների համաձայն, եղել են սպիտակ մեքենայով, կրակ են բացել քաղաքական գործչի ուղղությամբ, արձակելով վեց գնդակ։ Մեջքին ստացած վնասվածքներից Նեմցովը տեղում մահացել է։
Սպանության հավանական վարկածների շարքում դիտարկվում է Նեմցովի քաղաքական գործունեությունը, անձնական վրեժն ու նախկինում նրա բիզնես գործունեությունը։