Ռուբեն Բադեյան. Գազալցակայաններում պայթյունների 90 տոկոսի դեպքում մեղավորը վարորդներն են
Գազալցակայաններում պայթյունները հիմնականում պայմանավորված են տեխնիկական անվտանգության նորմերի խախտումներով, գազաբալոնների ոչ ճիշտ շահագործմամբ, ինչպես նաև գերլիցքավորմամբ: 90 տոկոսով դրանք տեղի են ունենում վարորդների մեղավորությամբ:
Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության գազասարքավորումների և վառելիքի օբյեկտների տեխանվտանգության փորձաքննության բաժնի պետ Ռուբեն Բադեյանը:
«Կոնկրետ Հարավ Արևմտյան թաղամասում վերջերս տեղի ունեցած պայթյունի պատճառը գազաբալոնի թերությունն էր: Գառնիի դեպքում էլ պարզվեց, որ նույնիսկ մեքենան էր շահագործման ոչ ենթակա, գազաբալոնը՝ նույնպես: Փորձաքննության ժամանակ պարզվեց, որ բալոնի պատերն ավելի բարակ են, քան սահմանված են ստանդարտներով: Ունեցանք դժբախտ դեպք, զոհվեց գազալցակայանի աշխատակիցը: Աշխատակիցները պետք է վարորդներից անպայման պահանջեն գազաբալոնների փորձարկման վկայականը»,-ասաց նա:
Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի՝ շուկայի վերահսկողության պետական տեսչության փաստաթղթաշրջանառության և իրավական համակարգման բաժնի պետ Արծրուն Նաջարյանն էլ ասաց, որ 2012-ից սկսած բոլոր տնտեսվարող սուբյեկտներում տեղադրվում են բաշխիչ աշտարակներ:
«Այսօրվա դրությամբ 303 ԱԳԼՃԿ-ներում տեղադրված են բաշխիչ աշտարակներ, որոնք հնարավորություն են տալիս սպառողին հասկանալ, թե ինչ տեսակի, ինչ ջերմաստիճանով, ինչ չափով գազ են լիցքավորել: Ահազագեր են եղել խախտումների վերաբերյալ, ինչից հետո եղել են ստուգումներ, նույնիսկ կասեցումներ: Բաշխիչ աշտարակներն ապահովում են և վարորդի, և տնտեսվարողի անվտանգությունը»,-ասաց Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը:
Նաջարյանը հիշեցրեց, որ Հայաստանում գազաբալոնների փորձարկման կայաններն ապահովված են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով. «Մեղավորն այս պարագայում ոչ միայն վարորդներն են, այլև պետական մարմինները»:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հանրային կապերի պատասխանատու Սիրանույշ Զաքարյանն ասաց, որ իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հիմնական պատճառը գազաբալոնների ոչ պատշաճ վիճակն է:
«Գազաբալոնների փորձարկման համար էկոնոմիկայի նախարարության կողմից լիցենզավորված վեց ընկերությունների ներկայացուցիչները խոստովանել են, որ նույնիսկ 5-6 հազար դրամով վարորդներին տրամադրել են փորձարկման կտրոնը»,-ասաց Ս. Զաքարյանը, ավելացնելով, որ մեղքը միայն վարորդների վրա գցելը սխալ է:
Նրա խոսքով, մինչ այս պահը չի եղել մի դեպք, երբ պետական մարմնի մի ներկայացուցիչ պատասխանատվություն կրի պատահածի համար. «Պետական ոչ պատշաճ վերահսկողության արդյունքում այսօր մենք ունենք այն, ինչ ունենք»:
Նախորդող հրապարակումներ՝
Հովսեփյան. Էջմիածնի գազալցակայանը անվտանգության փորձաքննություն վերջին անգամ հինգ տարի առաջ էր անցել
Գազալցակայանը, որտեղ պայթյուն էր տեղի ունեցել, վեց ամիս առաջ տուգանվել է 1 միլիոն դրամով. Արմեն Երիցյան
Գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Գազալցակայանի պայթյունի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Ճոյտի որդին
Պայթյուն` Էջմիածնի մայրուղու գազալցակայանում