Չարենցավանում գազալցակայանի պայթյունի հետևանքով աշխատակիցը մահացել է
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում գազալցակայանի պայթյունի հետևանքով աշխատակիցը մահացել է: ՏԿԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, մայիսի 30-ին, ժամը 23.54-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում` «Եղիցի լույս» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի Եսայան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Դռայվ 2014» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում «ՎԱԶ-2101» մակնիշի 34SM551 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ` Խ. Մ.) գազի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչից տեղում մահացել է գազալցակայանի աշխատակից Գ. Ս.-ը (ծնվ. 1960թ.), իսկ Մ. Խ.-ը (ծնվ. 1986թ.) հոսպիտալացվել է Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, ապահովել տեղանքի լուսավորությունը և իրականացրել հերթապահություն:
Նկատենք, որ վերջին շրջանում գազալացակայաններում պայթյունները հաճախակի են դարձել: Վերջինը տեղի ունեցավ օրեր առաջ, Էջմիածնում: Երեք տուժածները դեռ հիվանդանոցում են: Պարզվեց, որ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանը վերջին անգամ փորձաքննության ենթարկվել է 2011-ին:
Նախորդող հրապարակումներ՝
Հովսեփյան. Էջմիածնի գազալցակայանը անվտանգության փորձաքննություն վերջին անգամ հինգ տարի առաջ էր անցել
Գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Գազալցակայանի պայթյունի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Ճոյտի որդին