«... Ողջ աշխարհում դրանք միակն էին` արդարության և բարու համար տառապյալի աչքեր» (լուսանկարներ, տեսանյութ)
«Այդպիսի աչքեր Սովետական Միությունում չկային: Նույնիսկ և ողջ աշխարհում, կարծում եմ, դրաք միակն էին` արդարության և բարու համար տառապյալի աչքեր: Իսկ այժմ դրանք չկան»,-ասել է թատերագետ Ալեքսանդր Մինկինը՝ Սոս Սարգսյանի մասին:
Անհնար է մոռանալ «Նահապետի» աչքերը, անհնար է մոռանալ Վարպետի խաղացած ցանկացած դեր, Սոս Սարգսյանի մարմնավորած ցանկացած կերպար:
1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավանում ծնվել է հայ թատրոնի և կինոյի անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան: 1954թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1954-1991թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան:
1991թ. հիմնադրել է «Համազգային» թատրոնը: 1997-2006թթ. Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտորն է եղել, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը: 2009թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ: Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են` «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում: Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պռոշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը:
Սոս Սարգսյանը կյանքից հեռացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին:
«Մարդն ուզի-չուզի, կյանքում սխալներ է անում: Հետո շուռ է գալիս, ասում` ինչի՞ արեցի այդ բանը, տառապում, տանջվում է: Չես կարողանում մոռանալ քո արած սխալը, ուտում ես քեզ…բայց ինչո՞ւ: Ամենավատ մարդն իր վատ արարքը չի կարող մոռանալ, չտառապել: Չի կարող»,- ասել է Սոս Սարգսյանը:
Նախորդող հրապարակում՝
Սոս Սարգսյան. «Հոգիս չառած, միտքս չառնես, Աստված» (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան