Պաղպաղակի շուկայում ստուգումները շարունակվում են. արդյունքները կհրապարակվեն հուլիսի 1-ին
«Չորրորդ ինքնիշխանությունն» այս օրերի ընթացքում մի քանի անգամ տեղեկացրել է, որ պաղպաղակները, որոնց մեջ սփրեդ է հայտնաբերվել, մինչ օրս շուկայում են: Թերթը այս թեմայով հարց է ուղղել սննդի անվտանգության տեսչության պետ Աբրամ Բախչագուլյանին: Ի պատասխան Բախչագուլյանն ասել է. «Մեր ծառայությունը «Սուր անկյան» հետ իրականացրել է նմուշառում, իրականացրել է լաբորատոր քննություն: Այս պահին մենք արդեն իսկ բացահայտել ենք անհամապատասխանություններ: Բոլոր արտադրողներին գրվել են համապատասխան գրություններ և պահանջվել են այն տեխնիկական պայմանները, որոնք դրված են արտադրության հիմքում»:
Հարցին, թե արդյոք Սննդի անվտանգության ծառայության ղեկավարը տեղյա՞կ է, թե ստուգումների արդյունքում հայտնաբերված մակնշման պահանջներին չհամապատասխանող պաղպաղակները հանվել են շուկայից, թե ոչ, Ա. Բախչագուլյանը պատասխանել է. «Արտադրանքը հանվում է միայն այն դեպքում, երբ կա վտանգ: Դա վտանգի մասին չէ, այլ անհամապատասխանության մասին է, որակի և ֆիզիկոքիմիական ցուցանիշների։ Անվտանգ սննդամթերք է»
«Աշտարակ-Կաթ» ընկերությունը երեկ պաշտոնապես հերքել է «Իրազեկ և պաշտպանված» ՀԿ-ի հրապարակած այն հայտարարությունը, թե «Ընկերության պաղպաղակը չի համապատասխանում մակնշման պահանջներին»: Թերթի թղթակցի հետ զրույցում, սակայն, «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանն ասել է, թե «Աշտարակ-Կաթ» ընկերության հաղորդագրությունը վստահություն չի ներշնչում: «Խնդիրը հենց այն է, որ սպառողը և մենք չունենք տեղեկատվություն պաղպաղակի մասին, այն դեպքում, երբ լիազոր մարմնի տեսուչը ամբողջ հանրապետության աչքի առաջ արձանագրում է մակնշման խախտում: Մենք կոչ ենք արել իրականացնել նմուշառում և պարզել՝ վտանգավոր են այդ պաղպաղակները, թե ոչ: Ցավոք, արձագանք չունենք, և չենք կարող հանրությանն իրազեկել իրավիճակի մասին, ասել է Պիպոյանը:
Ըստ նրա՝ ուշագրավ է այն հանգամանքը, որ «Աշտարակ-Կաթ» ընկերությունը հերքում է իրենց կազմակերպության հայտարարությունն այն դեպքում, երբ խախտումն արձանագրել է Սննդի անվտանգություն պետական ծառայության տեսուչը: «Աշտարակ-Կաթ»-ը կարող է իր հերքման փաստարկները ներկայացնել ծառայությանը, ոչ թե մեզ»,-հավելել է Պիպոյանը: Ի դեպ՝ կազմակերպությունը ներկայումս ուսումնասիրում է պաղպաղակի շուկան, իսկ դրա արդյունքները կհրապարակվեն ընդամենը մի քանի օրից՝ հուլիսի 1-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները