Վանի կուսակալը դիմելու է հայ համայնքին` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագը մեկ շաբաթով հետաձգելու համար
Թուրքիայի Գերագույն ընտրական մարմինը (YSK) որոշում է կայացրել կառավարության ներկայացրած և մեջլիսի ընդունած սահմանադրական փոփոխությունների օրենսդրական փաթեթը սեպտեմբերի 12-ին ներկայացնել համաժողովրդական քվեարկության: Իսկ մինչև այդ թուրքական իշխանությունները որոշում էին ընդունել թույլ տալ ներկայումս թանգարանի կարգավիճակում գործող Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում նույն այդ օրը կրոնական արարողություն կազմակերպել:
Նախատեսված էր, որ այդ իրադարձությանը մասնակից լինելու համար Աղթամար էին ժամանելու բազմաթիվ հայեր աշխարհի տարբեր երկրներից: Քանի որ հանրաքվեի օրը ևս նշանակվել է սեպտեմբերի 12-ին և որոշակի անհարմարություն ստեղծել Սուրբ Խաչի կրոնական այդ արարողության համար, Վանի կուսակալ Մյունիր Քարալօղլուն պատրաստվում է դիմել թուրքահայ համայնքին այդ կրոնական միջոցառումը մեկ շաբաթով հետաձգելու համար: Այս մասին հայտնում է «Hurriyet»-ը:
Թուրք պաշտոնյան նշել է, որ իրենք անհրաժեշտաբար զբաղված են լինելու հանրաքվեի կազմակերպման աշխատանքներով, հետևաբար որոշակի անհարմարություն է ստեղծվում նույն այդ օրը Աղթամարի Սուրբ Խաչում նման արարողություն կազմակերպելու տեսանկյունից: Եթե Քարալօղլուն հայ համայնքի հետ ընդհանուր համաձայնության գա, ապա այդ կարևոր պատարագը Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի սեպտեմբերի 19-ին: Նշենք, որ մինչև օրս Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթը խաչազուրկ է: