Մինչև երեքշաբթի` Հայոց ցեղասպնության բանաձևը կլինի ԱՄՆ կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պատրաստվում է մինչև առաջիկա երեքշաբթի օրը` դեկտեմբերի 21-ը, Հայոց ցեղասպանության մասին բանաձևը բերել Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ: Ըստ «Ermenihaber.am» լրատվական կայքի` Վաշինգտոնի թուրքական դեսպանությունը սկսել է միջոցներ ձեռնարկել` կանխելու բանաձևի օրակարգայնացումը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն էլ զանգահարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին և ցանկություն հայտնել, որ ամերիկյան կառավարությունը միջամտի գործին ու խոչընդոտի բանաձևի ներառմանը օրակարգ: Թուրքական դիվանագիտական աղբյուրների տեղեկացմամբ` Քլինթոնը խոստացել է, որ կառավարությունը կարևորում է թուրք-ամերիկյան հարաբերությունները և ամեն ջանք կգործադրի բանաձևի ճանապարհը դեպի օրակարգ փակելու համար:
Միևնույն ժամանակ գործի են անցել նաև ԱՄՆ-ի թուրքական կազմակերպությունները, որոնց ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում ամերիկյան իշխանությունների ու կոնգրեսականների հետ: Ամերիկաթուրքական խոհուրդի (ATC) նախագահ Ջեյմս Հոլմսը հավանական է համարել բանաձևի ներառումը Կոնգրեսի օրակարգ: «Այդ իսկ պատճառով էլ այդ ամենին բավական լուրջ ենք նայում»,- ասել է նա: Ի
Իսկ Թուրքիա-ԱՄՆ միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Սուաթ Քընըքլըօղլուն հույս է հայտնել, որ ամերիկյան կառավարությունն իր ողջ ազդեցությունը կօգտագործի կանխելու թուրքերի համար անցանկալի զարգացում:
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիք Թանն էլ «Twitter» սոցիալական ցանցում խնդրի առնչությամբ հետևյալ մեկնաբանությունն է զետեղել.
«Հայկական կազմակերպությունները 1915-ի դեպքերի վերաբերող բանաձևը Ներկայացուցիչների պալատում օրերս վավերացնելու համար արշավ են սկսել: Հույս ունեմ` ԱՄՆ-ի ողջ թուրքական համայնքը անհրաժեշտ զգոնություն կցուցաբերի»:
Հիշեցնենք, որ հիշյալ բանաձևը ընթացիկ տարվա մարտ ամսին 22 դեմ, 23 կողմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Ներկա դրությամբ համարվում է, որ Կոնգրեսի 435 անդամներից բանաձևի ընդունմանը կողմնակից է 148-ը: