Ադրբեջանում ռուսական ջարդերի կոչ են անում
Ադրբեջանում ստեղծված, այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» (ՂԱԿ) Ռուսաստանում բնակվող «ադրբեջանցիների դեմ հարձակումները» դատապարտող հայտարարություն է տարածել: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատուն ուղղված հայտարարության մեջ նշվում է, որ եթե Ռուսաստանում «ադրբեջանցիների դեմ հարձակումները» չդադարեն, Ադրբեջանում բնակվող ռուսների հանդեպ «ադեկվատ միջոցներ» կձեռնարկվեն: Այս մասին նշվում է ադրբեջանական «Haqqin.az» պորտալում հրապարակված հոդվածում` վերնագրված «Բաքվում ռուսական ջարդերի կոչ»:
Հեղինակը նշում է, որ Ակիֆ Նագիի գլխավորած «ՂԱԿ»-ը մոտ է Ադրբեջանի իշխանամետ շրջանակներին: Հայտարարությունում նշվում է, որ եթե Օրհան Զեյլնալովի մեղքն ապացուցվի, ապա նա պետք է պատժվի: Հակառակ դեպքում, «ՂԱԿ»-ը նշում է, անթույլատրելի է Օրհան Զեյնալովին հանցագործ անվանել, «դրա հիման վրա Ադրբեջանի դեմ կեղտոտ քարոզարշավ սկսել և Ռուսաստանում հակաադրբեջանական տրամադրություններ սերմանել»:
«Ռուսական մամուլին տեղեկացնում ենք, որ էթնիկ ռուսներն արդեն 200 տարի է, ինչ բնակվում են Ադրբեջանի տարածքում, և նրանց հանդեպ որևէ տեսակի ճնշում չի գործադրվում», - նշում է «ՂԱԿ»-ը:
Հայտարարությունում նաև ասվում է, որ «ադրբեջանական ժողովրդի համբերությունն անվերջ չէ», և Ռուսաստանը չպետք է ստիպի իրենց «ադեկվատ միջոցներ» ձեռնարկել:
«Ադրբեջանցիներն օրինական ճանապարհով են մեկնում Ռուսաստան, պահպանում են Ռուսաստանի Դաշնության բոլոր օրենքները: Եթե նրանք չեն ցանկանում ադրբեջանցիներին տեսնել, թող համապատասխան օրենք ընդունեն, և ադրբեջանցիներն այլևս չեն մեկնի այնտեղ», - գրված է հայտարարության մեջ:
Ադրբեջանական կազմակերպությունը միջազգային բախումը կանխելու համար նաև մի շարք պահանջներ է ներկայացրել: Այդպես, «ՂԱԿ»-ի կարծիքով, Ադրբեջանի կառավարությունը պետք է վերանայի հարաբերությունները Ռուսաստանի հետ, «որը հակաադրբեջանական քաղաքականություն է իրականացնում»:
«ՂԱԿ»-ը Ռուսաստանի կառավարությունից պահանջում է «անմիջապես դադարեցնել այդ հակաադրբեջանական քարոզարշավը:
Բացի այդ, ադրբեջանական կազմակերպության կարծիքով, Ռուսաստանի կառավարությունը պետք է փոխհատուցի խռովությունների արդյունքում ադրբեջանցիներին հասցված վնասը, իսկ Օրհան Զեյնալովի հանդեպ բռնություն իրականացրած իրավապահ կառույցները պետք է պատժվեն:
«ՂԱԿ»-ը հայտարարում է, որ իրավապահ կառույցները և, մասնավորապես, Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը «Օրհան Զեյնալովի հանդեպ կողմնակալ դիրքորոշում» են ցուցաբերում, որի պատճառով նրան պետք է արտահանձնեն և դատեն Ադրբեջանում:
Ամփոփելով` ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» ևս մեկ անգամ զգուշացնում է, որ եթե «Ռուսաստանում իրականացվող հակաադրբեջանական քարոզարշավին» վերջ չդրվի, Ադրբեջանում ռուսների հանդեպ «ադեկվատ միջոցներ» կձեռնարկվեն:
1989թ. մարդահամարի համաձայն` Ադրբեջանի ազգությամբ ռուս բնակչությունը կազմում էր 392 հազար: 20 տարվա ընթացքում Ադրբեջանում ռուսների թիվը կրճատվել է ավելի քան 3 անգամ և, 2009թ. մարդահամարի համաձայն, կազմում է 119 հազար:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին` հինգշաբթի, Ադրբեջանից ժամանած անձի հետ վիճաբանության արդյունքում դանակահարվել և մահացել է Մոսկվայի բնակիչ Եգոր Շչերբակովը: Շաբաթ երեկոյան թաղամասի բնակիչները մարդասպանին գտնելու պահանջով դուրս են եկել փողոց: Կիրակի օրը ազգայնականների ամբոխը և Արևմտյան Բիրյուլևո թաղամասի` նրանց համակրող բնակիչները` թվով մոտ 1000 մարդ, հարձակում են կազմակերպել բանջարեղենի պահեստաբազայում, որտեղ աշխատում են ԱՊՀ երկրներից ժամանած բազմաթիվ անձինք: Դեպքի վայր է ժամանել ՕՄՕՆ-ը և ձերբակալել խռովությունների մոտ 380 մասնակցի: Ձերբակալությունների ընթացքում տուժել է ոստիկանության 6 աշխատակից. այդ թվում` ՕՄՕՆ-ի գումարտակի հրամանատարը լուրջ վնասվածքներ է ստացել:
Հատկանշական է, որ սպանված Եգոր Շչերբակովի ընկերուհին «Москва 24»-ի եթերում նշել է, որ դեմ է ցույցերին և չի ցանկանում միջազգային խնդիրներ առաջացնել: Այժմ Եգոր Շչերբակովի սպանության հետաքննությունը Մոսկվայի ոստիկանության գլխավոր բաժանմունքի հատուկ վերահսկողության տակ է:
Ավելի ուշ ոստիկանությունը սկսել է միգրանտների դեմ խիստ ստուգումներ անցկացնել: Այդպես, ըստ РИА «Новости»-ի` հոկտեմբերի 14-ին Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո թաղամասի Պոկրովսկայա բանջարեղենի պահեստաբազայում 1200 միգրանտ է ձերբակալվել:
Արդեն հոկտեմբերի 15-ին սպանության մեջ կասկածվող, Ադրբեջանից ժամանած Օրհան Զեյնալովը ձերբակալվել է մերձմոսկովյան Կոլոմնայում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան