Դավութօղլու. «Եթե Ադրբեջանին կարողանանք համոզել, Հայաստանին անակնկալ կանենք»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջ հանդես գալով անդրադարձել է հայ-թուրքական սահմանի խնդրին:
Ըստ «Աքշամ» օրաթերթի էլեկտրոնային կայքի` ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Սինան Օգանը հարց է ուղղել է Դավութօղլուին այն մասին, թե Իգդիրի շրջանում` հայ-թուրքական սահմանին և երկաթուղում նկատվում են որոշ աշխատանքներ, արդյոք դա սահմանի բացման նախապատրաստություն է նշանակում:
Ի պատասխան Դավութօղլուն նախ հաստատել է նման աշխատանքների իսկությունը, ապա նշել, որ իրենք նախապատրաստական գործեր են կատարում սահմանի բացման հարցում 2015-ին ընդառաջ: Բացի այդ ան նաև նշել է, որ առաջիկայում այցելելու է Ադրբեջան և եթե ստացվի Բաքվին համոզել սահմանի բացման հարցում, ապա կկարողանան անակնկալ մատուցել Հայաստանին:
Միևնույն ժամանակ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հայ-թուրքական հարցը դարձյալ կապել է ղարաբաղյան հիմնախնդրի հետ` նշելով. «Մեր պահանջը մնում է նույնը. դուրս գան Ղարաբաղից: Այդ հարցում սպասում ենք առաջխաղացման: Եթե Հայաստանը հետ քաշվի Ղարաբաղից, կբացվի և հայ-թուրքական սահմանը և երկաթգիծը:»