ԻԻՀ ԱԳ փոխնախարար. Իրանը երկաթգծի կառուցման շուրջ Հայաստանի հետ բանակցություններ է անցկացնում
«Իրանը երկաթգծի կառուցման շուրջ Հայաստանի հետ բանակցություններ է անցկացնում»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմ Փուրը:
Իրանի փոխարտգործնախարարը, ընդգծելով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման կարևորությունը, նշել է, որ այն Հյուսիս-հարավ միջանցքի համար կարևոր ուղություն կլինի:
Հիշեցնենք, որ Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, վերջերս «Արմենպրես»-ին տված հարցազրույցում, այն հարցին, թե ո՞ր փուլում է գտնվում Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, դեսպան Առաքելյանը մասնավորապես նշել էր. «Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումներն արդեն պատրաստ են. Հայտնի է նաև նախագծի ֆինանսավորող կողմը: Ծրագրի իրականացման շուրջ առարկայական քննարկումները կկայանան հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում, որը նախատեսվում է անցկացնել ապրիլին՝ Թեհրանում: Նույն ժամկետներում նախատեսվում է նաև հարցի քննարկման եռակողմ հանդիպում: Ժամկետների առումով մենք հարցի պատասխանը կարող ենք ստանալ վերը նշված միջոցառումներից հետո»:
Ս.թ. փետրվարի 12-ին երկաթգծի հարցը քննարկվել էր նաև ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որի ընթացքում արծարծվել էին ընթացիկ՝ Մեղրիի ՀԷԿ-ի և Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման, ինչպես նաև նախագծային փուլում գտնվող՝ Հայաստան-Իրան երկաթգծի և Իրան-Հայաստան նավթատարի շինարարության ծրագրերին վերաբերող մանրամասներ: Վարչապետը նշել էր, որ այս ծրագրերը ՀՀ կառավարության առաջնահերթություններն են և կգործադրվեն բոլոր ջանքերը՝ դրանց իրագործման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին