Ադրբեջանում ձերբակալված Լեյլա Յունուսն արժանացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի անվան պարգևի
Ադրբեջանում «պետական դավաճանության» համար ձերբակալված իրավապաշտպան Լեյլա Յունուսը հոկտեմբերի 24-ին արժանացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատար Սերգիո Վիերիա դե Մելոնի անվան պարգևի՝ դառնալով 11 հրատարակությունների դափնեկիր: Այս մասին հայտնում է լեհական Thenews.pl լրատվական կայքը:
Պարգևը հիմնադրվել է մի շարք միջազգային կազմակերպությունների նախաձեռնությամբ և շնորհվում է հեղինակավոր իրավապաշտպանների, հանուն խաղաղության պայքարող անձանց:
Համաձայն աղբյուրի՝ պարգևի շնորհման հանդիսավոր արարողությանը Լեհաստանի քաղաքական վերնախավի հետ միասին մասնակցել են նաև եվրոպական երկրների բազմաթիվ պաշտոնյաներ: Արարողությանը Ադրբեջանը ներկայացրել և Յունուսի փոխարեն պարգևը ստացել է ադրբեջանցի ճանաչված քաղաքական վտարանդի Աթախան Աբիլովը:
Վերջինս իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին՝ շեշտելով. «Ես եկա այն եզրակացության, որ Լեյլան այստեղ կլիներ քաղբանտարկյալների պաստառներով: Յունուսն ու իր ամուսինն արժանացել են նույն ճակատագրի, ինչ բանտարկության մեջ 2009-ին մահացած Նովրուզալի Մամեդովը: Ամեն օր Լեյլան ենթարկվում է աննկարագրելի խոշտանգումների ինչպես իր բանտակիցների, այնպես էլ կալանավայրի անձնակազմի կողմից: Լեյլային տանջել են, նետել են գետնին, քաշել վարսերից»:
Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունն էլ իր հերթին հավելում է, որ Յունուսը պարգևատրվել է 2 անվանակարգերում՝ անձնական ներդրման ու միջազգային երկխոսության և տոլերանտության կենտրոնի ստեղծման համար:
Ուշագրավ է, որ Լեյլա Յունուսի գործունեությանը, նրա ձերբակալության և Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին անդրադարձել է գերմանական հեղինակավոր Deutsche Welle հեռուստաալիքի կայքը՝ ընդգծելով, թե հայտնի է դարձել, որ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն չեն հրաժարվել 58-ամյա իրավապաշտպան Լեյլա Յունուսին խոշտանգումների ենթարկելու գաղափարից, այլև նրա ձերբակալության ժամկետը երկարացրել են 3 ամսով՝ մինչև 2015-ի փետրվարի վերջը:
Հիշեցնենք, որ Յունուսին ձերբակալել են ընթացիկ տարվա հուլիսի 30-ին իր տան բակում: Նրան մեղադրանքներ են առաջադրվել պետական դավաճանության, հարկերը չվճարելու, ապօրինի գործարարության, փաստաթղթերի կեղծման և մեծ չափերի խարդախության հոդվածներով: Այս մեղադրանքներին համապատասխան՝ նրան ժամանակավոր ազատազրկում էր սահմանվել 3 ամիս ժամկետով: Պետական դավաճանության և մեծ չափերի խարդախության համար մեղադրվում է նաև իրավապաշտպանի ամուսինը՝ Արիֆ Յունուսը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան