Իրանին մտահոգում է Ադրբեջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի ազդեցության մեծացման սպառնալիքը
Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, Իրան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վաեզին տեղեկացրել է, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին պատախան այցով նոյեմբերի 12-13-ը կմեկնի Ադրբեջան: Ս.թ. ապրիլին հինգ տարվա ընդմիջումից հետո Իրան էր մեկնել Ադրբեջանի նախագահը:
Իրան-Ադրբեջան հարաբերություններում առկա բազմաթիվ խնդիրների վերաբերյալ շատ է խոսվել: Անցած մի քանի տարիների ընթացքում երկու երկրների միջև հաստատված փոխադարձ անվստահությունն այն աստիճան էր խորացել, որը հանգեցնում էր սահմանում զինված միջադեպերի, դեսպանների հետկանչի, փոխադարձ վիրավորական հայտարարությունների և այլն:
Հասան Ռոհանիի՝ Բաքու կատարելիք այցի ընթացքում ադրբեջանցի պաշտոնյաների հետ բացի արարողակարգային հանդիպումներից և տնտեսական հարցեր քննարկելուց՝ Իրանի իշխանություններին նախևառաջ այլ հարցեր են հետաքրքրում, որոնք ուղղակիորեն կապված են ազգային անվտանգության հետ:
Առաջին. Բաքվի հարցում Իրանին մտահոգում է Ադրբեջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի ազդեցության մեծացման սպառնալիքը: Վերջին երեք տարվա ընթացքում ավելի քան 100 ադրբեջանցի գրոհային է սպանվել Սիրիայում: Ադրբեջանական «Minval.az» կայքի հաղորդմամբ՝ բացի Թուրքիայի տարածքով Սիրիա տեղափոխվելու երթուղուց՝ ադրբեջանցի գրոհայիններին առաջարկվել է մեկ այլ երթուղի՝ Իրանի տարածքով դեպի Պակիստան, որտեղ ադրբեջանցի գրոհայիններն «իրենց սեփական նյութական միջոցներով գնում են ինքնաձիգեր ու փամփուշտներ»:
Մեծ է հավանականությունը, որ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների արդյունքում «Իսլամական պետության» գրոհայիններն Ադրբեջանի տարածքից փորձեն ներթափանցել նաև Իրանի տարածք:
Հավանաբար այդ պատճառով է Իրանը փորձում առավել վերահսկելի դարձնել Իրան-Ադրբեջան ցամաքային սահմանը:
Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի Արդաբիլ նահանգի սահմանապահ ծառության հրամանատար Մոհամմադ Ալի Թահերին օրերս սահմանում տիրող իրավիճակը գնահատելու նպատակով այցելել է Ադրբեջանի հետ սահմանում գտնվող Արդաբիլ նահանգի հյուսիսային հատվածներ: Արդաբիլի սահմանային ծառայության հրամանատարը նշել է. «Հաշվի առնելով Իրան-Ադրբեջան սահմանի երկարությունն ու ընդարձակությունը՝ մենք սկսել ենք Բիլե Սավար, Գարմի, Մեշգինշահր և Փարսաբադ շրջաններում ենթակառուցվածքների արդիականացմամբ ապահովել սահմանների անանցանելիությունը»:
Երկորդ. Թեև սեպտեմբերի 29-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարեց, որ արդեն 100 տոկոսով պարզ է, թե իսրայելական անօդաչուն որ երկրից է մուտք գործել Իրան, պաշտոնական Թեհրանն այդպես էլ հստակ չհայտարարեց, թե Իրանի ԶՈւ հակահրթիռային պաշտպանության ուժերի կողմից Նաթանզի շրջանում վնասազերծված իսրայելական արտադրության անօդաչու սարքն արդյո՞ք Ադրբեջանից էր ուղարկվել, թե՞ ոչ:
Ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան հարաբերությունների հեռանկարին՝ ապա անկախ այն հանգամանքից, թե ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն Բաքվում և Ադրբեջանը ինչ որոշում էլ ընդունի, պարտավոր է հաշվի առնել Թուրքիայի շահերը, իսկ թուրք-իրանական հարաբերությունները տևական ժամանակ է, ինչ գտնվում են լարված իրավիճակում:
Արմեն Իսրայելյան, իրանագետ
Նախորդիվ`
Ո՞րն է Իլհամ Ալիևի՝ Իրան կատարած այցի նպատակը
Բաքուն այնուամենայնիվ որոշեց խախտել Իրան-Ադրբեջան հարաբերություններում հաստատված «հրադադարը»
Թուրքիայի և Իրանի միջև առկա փոխադարձ անվստահությունն ավելի է խորանում