Ադրբեջանում հրդեհել են Բաքվի ավաններից մեկի մզկիթը` սալաֆիականների հավաքատեղին
Նոյեմբերի 26-ին` գիշերվա ժամը երկուսին, անհայտ անձինք այրել են Բաքվի Գարաչուխուր ավանի մզկիթը` հասցնելով 6-7 հազար մանաթի նյութական վնաս: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «Հագըն.ազ» տեղեկատվական պորտալը, հայտնել է մզկիթի հոգևոր համայնքի առաջնորդ` ախունդ Միրմահմուդ Ֆաթաևը:
Նրա խոսքերով` երկու հոգի հարձակվել են պահակի վրա և ծեծել նրան, ապա ներխուժել են մզկիթ ու այրել այն ներսից:
«Այրվել են բոլոր գորգերը, կոտրված են պատուհանների բոլոր ապակիները: Իսկ թե ով է արել այդ ամենը, ես չգիտեմ: Հանցագործները հրդեհելուց հետո հեռացել են, պահակն էլ տեղացիների հետ սկսել է մարել հրդեհը»,- հաղորդել է ախունդը:
Ինչպես նշված է նյութում, այս պահին ոստիկանությունը դեպքի վայրում է և հետաքննում է հրդեհի փաստը:
Հիշեցնենք, որ դեռևս 2013-ի դեկտեմբերին Սումգայիթում ծայրահեղական ուղղությունների` սալաֆիականների ու խավարիջների միջև փոխհրաձգությունից հետո ոստիկանությունը շրջափակել էր մի քանի մզկիթ, այդ թվում` Գարաչուխուրը, իսկ արդեն 2014-ի հունիսին աղմուկ էր բարձրացել, թե Բաքվի քաղաքապետի որդին պարբերաբար այցելում է Գարաչուխուրի մզկիթ, որը «սալաֆիականների հավաքատեղի է»:
Հավելենք նաև, որ վերջին շրջանում Ադրբեջանում սրվել են հետապնդումներն ու ճնշումը կրոնական ակտիվիստների ու այն համայնքների նկատմամբ, որոնց կասկածում են վահաբականների հետ առնչություններ ունենալու հարցում: Տեսակետներ են հնչել անգամ այն մասին, թե Իլհամ Ալիևի կառավարությունը կարող է թիրախ դառնալ սալաֆիականների համար, որոնք հարել են Սիրիայում իսլամիստական խմբավորումներին և վերադարձել Ադրբեջան` արդեն ունենալով մարտական փորձ:
Նյութեր թեմայի շուրջ`
Ադրբեջանի հատուկ ծառայությունները չեն խոչընդոտի ծայրահեղականների՝ Սիրիա մեկնելուն
Սումգայիթում ոստիկանությունն առանց բացատրության տանջանքների է ենթարկել հավատացյալների
Ադրբեջանը կրոնական անհանդուրժողականության բարձր մակարդակով երկրների շարքում է. «Կրոնական ազատություն 2014»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին