Բաքվում անհանգստացած են ԻՊ-ի հարձակման կոչերի պատճառով
Բաքվում ուժեղացվել է սինագոգների անվտանգության ապահովումն Ադրբեջանի վարչական և արդյունաբերական օբյեկտների դեմ «Իսլամական պետության» գրոհայինների կողմից հնարավոր ահաբեկչական հարձակումների պատճառով: Այս մասին հաղորդում է «Հրեական լրատվական գործակալությունը»:
Ինչպես նշվում է նյութում, խստացվել է նաև անվտանգությունը քաղաքի պետական բոլոր հաստատություններում, արդյունաբերական օբյեկտներում և տրանսպորտային հանգույցներում:
«Մասնավորապես՝ սկսվել է մետաղաորոնիչ սարքերի լայնորեն օգտագործումը Բաքվում»,- ընգծում է գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանում ահաբեկչական սպառնալիքների մակարդակի բարձրացումը կապված է «Իսլամական պետության» այսպես կոչված «ներքին գործերի նախարար» Աբդուլ Վահիդ Խուդայար Ահմադի՝ ԻՊ գրոհայիններին ուղղված, «Արևմուտքին աջակցող Ադրբեջանի կառավարության ընտանիքի անդամների նկատմամբ զինված հարձակում կատարելու» կոչերի հետ:
Գործակալությունը հիշեցնում է, որ 1990-ականների կեսերից Բաքվում սինագոգները պաշտպանվում էին ոստիկանների կողմից, իսկ ներկայումս, հաշվի առնելով ԻՊ-ի կողմից ահաբեկչական սպառնալիքների աճը, կողմնակի անձինք հրեական աղոթատներ կարող են մուտք գործել բացառապես Ադրբեջանի Հրեաների կրոնական համայնքը ղեկավարող անդամների թույլտվությամբ:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի է դարձել, որ «Իսլամական պետության» «ներքին գործերի նախարարության ղեկավար» Աբդուլ Վահիդ Խուդայար Ահմադը հավաքել է Ադրբեջանում ԻՊ կողմնակիցներին, գովել նրանց և կոչ արել զենք վերցնել Ադրբեջանի կառավարության դեմ, որին «աջակցում է Արևմուտքը»: Եվրոպական Another Western Dawn News գործակալության նյութի համաձայն՝ ԻՊ-ն իրավիճակի ապակայունացում է ծրագրել նախկին խորհրդային հանրապետություններում, մասնավորապես՝ Ադրբեջանում, որտեղից «հարյուրավոր քաղաքացիներ մեկնում են Սիրիա Բաշար Ասադի ուժերի դեմ պայքարին մասնակցելու համար»:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի սալաֆիականները կամ վահաբականներն առաջին տարին չէ, որ մարտնչում են Սիրիայում, Աֆղանստանում ու Պակիստանում տարբեր ահաբեկչական խմբավորումների կազմում: Ադրբեջանական Vesti.az տեղեկատվական գործակալությունը գրում է, որ նշված երկրներում ադրբեջանցի ահաբեկիչների թիվը մոտ 300 է, իսկ ահա ադրբեջանական Faktxeber պորտալը հայտնում է՝ Սիրիայում վերջին 3 տարիներին սպանվել են շուրջ 200 ադրբեջանցի ահաբեկիչներ: ԶԼՄ-ները բազմիցս տեղեկացրել են նաև ահաբեկիչների ադրբեջանցի հրամանատարների չեզոքացման մասին: Ադրբեջանի և միջազգային ահաբեկչական խմբավորումների առնչությունները սկիզբ են առել դեռևս 1990-ականներին՝ Արցախյան պատերազմի տարիներին: Այդ ժամանակ էլ Հեյդար Ալիևի գլխավորությամբ երկրի ղեկավարությունն Արցախի հայ բնակչության դեմ պատերազմում դիմել է Աֆղանստանից, Թուրքիայից, Չեչնիայից իսլամիստական խմբավորումների օգնությանը: Այս խմբավորումների անդամ ահաբեկիչներին հաջողվել է անհրաժեշտ կապեր հաստատել Ադրբեջանում՝ սկսելով Ադրբեջանի քաղաքացիների հավաքագրումը, որոնց ուղարկում էին կռվելու Աֆղանստան ու Հյուսիսային Կովկաս: Այստեղ նրանք մարտնչում էին միջազգային կոալիցիոն ուժերի ու ռուսական կառույցների դեմ: Վերջին տարիներին Ադրբեջանի քաղաքացիներն ակտիվորեն մասնակցում են ՌԴ-ում, Աֆղանստանում, Սիրիայում և Իրաքում ծայրահեղական խմբավորումների վարած մարտերին:
Նյութեր թեմայի շուրջ՝
Ադրբեջանի հատուկ ծառայությունները չեն խոչընդոտի ծայրահեղականների՝ Սիրիա մեկնելուն
Ադրբեջանում արմատականներին ֆինանսավորող «Ջիհադի հիմնադրամ» է գործում. ադրբեջանական մամուլ
Ադրբեջանում հրդեհել են Բաքվի ավաններից մեկի մզկիթը` սալաֆիականների հավաքատեղին
Ադրբեջանը կրոնական անհանդուրժողականության բարձր մակարդակով երկրների շարքում է. «Կրոնական ազատություն 2014»