Իրանի ԱԳ նախարարի երևանյան այցի ուշագրավ ուղերձները
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ժամանել է Երևան: Այցի վերաբերյալ որոշ մենաբանություններ ստանալու նպատակով Panorama.am-ը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:
«Իրանի արտգործնախարարի այցը ուշագրավ է երկու առումով՝ առաջին, որ դա տեղի է ունենում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) պաշտոնապես միանալու և Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով լարվածություն առաջացնելու պայմաններում»,-մեզ հետ զրույցում նշեց Իսրայելյանը:
Փորձագետի խոսքով՝ Իրանը առաջին անգամ ԱԳ նախարարի մակարդակով պաշտոնապես հայտարարեց, որ Իրանը պատրաստ է Հայաստանի հետ խորացնել իր առևտրատնտեսական հարաբերությունները ոչ միայն երկկողմ, այլ նաև ԵՏՄ-ի ձևաչափով: Հարկ է նշել, ՌԴ-ում Իրանի դեսպանի խոսքով՝ Իրանը նույնիսկ պատրաստ է ԵՏՄ-ի հետ համագործակցության մասին պայմանագիր ստորագրել:
Ինչ վերաբերում է արցախյան հակամարտության հարցում՝ Իրանի ունեցած դիրքորոշմանը, ապա Ա. Իսրայելյանի գնահատմամբ՝ արտգործնախարար Զարիֆի հայտարարությունը վկայում է, որ Իրանը դեմ է ԼՂ հակամարտությանը կրոնական երանգավորում տալու Բաքվի փորձերին:
«Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանում լարվածության առաջացմանը, ապա Իրանի արտգործնախարարը հստակ հայտարարեց, որ Թեհրանը ցանկանում է տեսնել խաղաղ, անվտանգ և կայուն տարածաշրջան»,-նշեց Իսրայելյանը և հավելեց. «Իրանի թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները ԼՂ հակամարտության հարցում բարեբախտաբար վարել և վարում են հավասարակշռված քաղաքականություն. Իհարկե Իրանը վերջին տարիներին չի էլ թաքցնում, որ ցանկանում է ստանձնել միջնորդական առաքելություն, հավանաբար Թեհրանի այդ նկրտումները կապված են Արցախի հարցում Թուրքիայի ցուցաբերած ակտիվության հետ»: