Ադրբեջանում մանաթը արժեզրկվել է մեկ օրում 34 տոկոսով. տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը հրաժարվում են աշխատել
Փետրվարի 21-ի դրությամբ Ադրբեջանի Կենտրոնական բանկի որոշմամբ` դոլարի պաշտոնական փոխարժեքը սահմանվել է 1.05 մանաթ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը` հղում անելով երկրի Կետրոնական բանկի հաղորդագրությանը և հավելելով, որ եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 33.4 տոկոսով:
Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության տվյալներով` մանաթի փոխարժեքը կտրուկ անկում է ապրել դոլարի նկատմամբ` 33.5, իսկ եվրոյի նկատմամբ` 30 տոկոսով: Կենտրոնական բանկի կայքը տևական ժամանակ է, ինչ հասանելի չէ:
«Նման որոշումն ուղիղ կերպով հակասում է Կենտրոնական բանկի, ինչպես և իշխանությունների` ավելի վաղ հնչեցրած հայտարարություններին այն մասին, թե մանաթի փոխարժեքի անկումը դանդաղ ու աննշան է լինելու` համաշխարհային շուկայում տիրող իրավիճակին համապատասխանեցնելու նպատակով: Այսօրվա որոշումը պատճառ կհանդիսանա ֆինանսական շուկայում իրարանցման, դոլարի ու եվրոյի պահանջարկի կտրուկ աճի: Բացի այդ, խիստ թանկանալու է ներկրումը»,- գրում է «Թուրանը»` նկատելով, որ ի հեճուկս իշխանությունների հայտարարությունների` երկրում դոլարն արդեն դարձել է մանաթից ավելի թանկ, իսկ մանաթն արժեզրկվել է 34 տոկոսով:
Ադրբեջանական տեղեկատվական «Հաքքին.ազ» պորտալն իր հերթին հայտնում է, որ Կենտրոնական բանկի «մանաթային շոկը» կասեցրել է տարադրամի փոխանակման գրեթե բոլոր կետերի աշխատանքը: Պորտալի թղթակիցները շրջել են տասնյակ փոխանակման կետերում, սակայն դրանք բոլորն էլ հրաժարվել են մանաթի փոխանակման գործողություններ կատարել` բացատրելով, թե դեռևս չեն հասկանում ստեղծված իրավիճակը, և թե այն ինչպես կանդրադառնա երկրի արտարժույթի ներբանկային շուկայում:
Նյութում նաև ասված է, որ մանաթի առքուվաճառքի գործողությունները կասեցված են նաև բանկերում, նման գործողություն կատարում է միայն Unibank-ը:
«Հաքքին.ազ»-ը նաև տեղեկացնում է, որ երկրի Տնտեսական զարգացման նախարարությունում կարծում են, թե սպեկուլյանտներն ու ներկրողների մի մասը կարող են օգտվել ստեղծված իրավիճակից` բարձրացնելով ապրանքների գները:
Ավելին, պորտալի փոխանցմամբ, ադբեջանական խանութներում արդեն իսկ նկատվում է գնորդների մեծ հոսք, որոնք գրեթե սրբում-տանում են վաճառասեղանների ապրանքները` ակնկալելով գների կտրուկ աճ: Պորտալի թղթակիցների փոխանցմամբ` ադրբեջանական խանութներում հերթեր են գոյացել, մարդիկ գնում են առաջին անհրաժեշտության ապրանքներ ու սնունդ: Ադրբեջանցի փորձագետների գնահատականները հուսադրող չեն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին