Հասան Ռոհանի. Անցել է պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրելու ժամանակաշրջանը
«Անցել է պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրելու ժամանակաշրջանը»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահն այսօր Բուշեհր նահանգում գտնվող «Հարավային փարս» գազի հանքավայրի 12-րդ բլոկի շահագործման մեկնարկի առթիվ ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ նոր հանքավայրի շահագործումն Իրանի ժողովրդի դիմադրության և կամքի արտահայտությունն է՝ Արևմուտքի կողմից գործադրված անօրինական և անմարդկային պատժամիջոցների դիմաց»:
Իրանի նախագահը հայտարարել է, որ կառավարության առաջնահերթությունն է գազի ու նավթի հանքավայրերի շահագործման ընդլայնումը: Ռոհանիի խոսքով՝ անցյալ տարի նախատեսվում էր օրական 100 միլիոն խմ. հավելյալ գազ արտահանել, սակայն այսօր դրա քանակը նախատեսվածից ավել է եղել:
Ռոհանին, անդրադառնալով Շվեյցարիայի Լոզան քաղաքում Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցություններին, նշել է. «Իրանական պատվիրակությունը հաստատկամորեն կանգնել է աշխարհի հզոր երկրների դիմաց, վաղ թե ուշ բանակցություններն արդյունք կտան»:
Դիմելով «5+1» խմբի անդամ երկրների ղեկավարներին՝ Ռոհանին հայտարարել է. «Իրանի ժողովրդի նկատմամբ գործադրված ապօրինի և բռնի շրջափակումները ոտնահարում են մարդու իրավունքները և պատմությունն այդ իրողությունը ամոթով է հիշելու»: