Ադրբեջանցի երգչուհուն խիստ քննադատության են ենթարկել հայի հետ «սելֆի» անելու համար
Ադրբեջանական մամուլում հերթական անգամ կոչեր են հնչել «հայերից հեռու մնալ», իսկ հայերի հետ նվազագույն առնչությունը բնութագրվել է որպես «Ադրբեջանի շահերի դեմ հանցավոր համագործակցություն»: Բացի այդ, խիստ քննադատության են ենթարկվել մշակույթի ոլորտի այն ներկայացուցիչները, որոնք երբևէ լուսանկարվել են ու սոցցանցերում «սելֆի» հրապարակել հայերի հետ: Այս անգամ սեփական հայրենակիցների հասցեին մեղադրական հոդվածով է հանդես եկել լրագրող Գյունել Մեհդին: Հոդվածը հրապարակվել է ադրբեջանական «Գյունդելիք Բաքու» թերթում:
Հեղինակը հիշեցնում է, որ ավելի վաղ ադրբեջանական քննադատության թիրախ է դարձել Ադրբեջանի վաստակավոր արտիստ Այբենիզ Հաշիմովայի դուստրը` Այնիշան Գուլիևան, որը համարձակվոլ է լուսանկարվել հայերի հետ: Հեղինակը նաև հիշատակում է «Նոր աստղ 10» երգի մրցույթում Ադրբեջանի ներկայացուցիչ Սաբինա Ռահիմովայի դեպքը. վերջինս սոցցանցերում «սելֆի» էր հրապարակել հայի` Լևոն Հարությունյանի ու վրացուհու հետ` մեկնաբանելով . «Բոլոր կովկասցիները` միասին»:
Հեղինակը մեղադրանքներ է հղում նաև հայտնի ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին` պնդելով, թե իբր միջոցառումներից մեկի ժամանակ Յունուսը նստել է հայերի կողքին: Հոդվածագիրը սա որակում է «դավաճանական քայլ»:
Մեհդիի խոսքերով` «հայը չի կարող լավը լինել», ուստի նա կոչ է անում իր հայրենակիցներին «խուսափել հայերից, ոչ մի դեպքում ֆիլմեր չնկարահանել նրանց հետ, համերգներ, խնջույքներ ու միջացառումների չգնալ հայերի հետ, նրանց կողքին չնստել ու չլուսանկարվել այդ ազգի ներկայացուցիչների հետ»:
Հիշեցնենք, որ ժամանակին Ադրբեջանի ժողովրդական արտիստ Բրիլիանթ Դադաշևան սուր քննադատության զոհ է դարձել, երբ մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, թե վերջինս ԱՄՆ-ում աշխատող հայերի կողմից կազմակերպված Big Apple Music Awards մրցանակի է արժանացել:
Իսկ ավելի վաղ` 2009-ին, Ադրբեջանում հարցաքննել էին բոլոր նրանց, ովքեր համարձակվել էին քվեարկել «Եվրատեսիլ» երգի մրցույթում հայ մասնակիցների օգտին: Այդ ժամանակ ադրբեջանական հիստերիայի հարձակումների զոհ էր դարձել նաև թուրք երգչուհի Հադիսեն` հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ իր համարձակ արտահայտությունների պատճառով:
Հարկ է նկատել նաև, որ ըստ ադրբեջանական մամուլի՝ վերջին շրջանում որոշ ադրբեջանական մեդիա ռեսուրսների, մասնավորապես` հեռուստաալիքների` Հայաստանի ու հայերի թեմայի շուրջ նյութերում ու սյուժեներում ավելի հաճախ կարելի է հանդիպել հայհոյանքների, կոպիտ և վիրավորական արտահայտությունների: Ադրբեջանի ազգային ռադիոհեռուստատեսության խորհրդի փորձաքննության, ծրագրավորման և վերլուծական բաժնի տնօրեն Թեվեքքուլ Դադաշովը նոյեմբերի սկզբին իր հերթին կոչ էր արել ադրբեջանական լրատվադաշտին որքան հնարավոր է շատ վիրավորանքներ կիրառել Հայաստանի թեմայով նյութերում:
Նյութեր թեմայի շուրջ`
Ադրբեջանում Raffaello կոնֆետների վրա հայերեն գրությունների պատճառով հակալեհական արշավ է սկսվել
Եթե ես մեկ անգամ էլ մասնակցեմ պատերազմին, չեմ խնայելու անգամ հայերի երեխաներին. ադրբեջանական թերթի խմբագիր
Հայատյացությունն Ադրբեջանում վերածվել է համաժողովրդական զբաղմունքի. «Ենի Մուսավաթ»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը