Մասուդ Թաջրիշի. Իրանը Սևանա լճից ջուր տեղափոխելու ծրագիր չունի
«Իրանը Ուրմիա լճի վերակենդանացման համար Հայաստանից և Վրաստանից ջուր տեղափոխելու ծրագիր չունի»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Ուրմիա լճի վերակենդանացման ծրագրի գիտական խմբի ղեկավար Մասուդ Թաջրիշին:
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ԻԻՀ Մեջլիսի պատգամավորներից մեկն օրերս հայտարարել է, թե Իրանն Ուրմիա լճի վերակենդանացման նպատակով Սևանա լճից և Կուր գետից ջուր կտեղափոխի:
Ուրմիա լճի վերակենդանացման ծրագրի գիտական խմբի ղեկավար Մասուդ Թաջրիշին, անդրադառնալով իրանցի խորհրդարանականի վերոնշյալ հայտարարությանը, մասնավորապես նշել է. «ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Ուրմիա լճի վերակենդանացման նպատակով հնարավոր բոլոր տարբերակները կօգտագործվեն, որպեսզի որտեղից, որ հնարավոր է ջուր տեղափոխվի, սակայն առայժմ Հայաստանից և Վրաստանից ջուր տեղափոխելու վերաբերյալ մեր շտաբում նման տարբերակի շուրջ քննարկումներ չեն եղել»:
Շարունակելով խոսքը՝ Թաջրիշին հավելել է. «Եթե պատգամավորը նման կարծիք է հայտնում, գուցե համապատասխան նախարարությունում այդ ծրագրի իրականացման նպատակով աշխատանքներ կատարվում են»:
Հավելենք, որ իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգում գտնվող Ուրմիա լճի 90 տոկոսն արդեն ցամաքել է: