Կարճ լուրեր
Շաբաթ օրը 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Զելանդիայի մաս կազմող Կերմադեկ արշիպելագի շրջանում: Օջախը գտնվել է 33 կմ խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնին մոտ բնակավայրեր չկան: Ցունամիի սպառնալիքի մասին տվյալներ չեն ստացվել:
Աղբյուր՝ tass.ru
Ջեյմս Գանը մշակում է իր «Ինքնասպանների ջոկատ 2»-ի նոր սփին-օֆֆը: Սերիալի մանրամասները խիստ գաղտնի են պահվում: Ռեժիսորն ինքն է առաջարկել է նոր շոուի գաղափարը HBO Max-ի ղեկավարությանը:
Աղբյուր՝ kulturomania.ru
Ըստ Reuters-ի տվյալների՝ Իտալիայի նոր նախագահի ընտրության քվեարկության հինգերորդ փուլում հաղթող չի եղել: Աջ կենտրոնամետ կուսակցությունները փորձել են առաջ մղել Սենատի խոսնակ Էլիզաբետա Կազելատիին՝ Սիլվիո Բեռլուսկոնիի «Ֆորցա Իտալիա» կուսակցությունից: Reuters-ի ընթացիկ հաշվարկը ցույց է տվել, որ նա չի հավաքել բավարար աջակցություն՝ հաղթանակ ապահովելու համար անհրաժեշտ 505 ձայնի շեմին հասնելու համար:
Աղբյուր՝ reuters.com
Ռուսաստանցի թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը հաղթել է հույն Ստեֆանոս Ցիցիպասին մրցաշրջանի «Մեծ սաղավարտի» առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչում: Հանդիպումն ավարտվել է 7:6 (7:5), 4:6, 6:4, 6:1 հաշվով՝ հօգուտ ռուսաստանցու: Եզրափակչում Մեդվեդևը կխաղա իսպանացի Ռաֆայել Նադալի հետ: Խաղը կկայանա այս կիրակի:
Աղբյուր՝ ria.ru
Մոտ մեկ դարյա կյանքի ընթացքում առաջին անգամ Մինի Մաուսն իր զգեստապահարանում կավելացնի տաբատով կոստյում: Իսկ հագուստի հեղինակը կլինի բրիտանացի դիզայներ Ստելլա Մաքքարթնին: Մինիի ամբողջական կերպարանափոխությունը կներկայացվի մարտին՝ Կանանց միջազգային օրվա և Փարիզի Դիսնեյլենդի 30-ամյակի կապակցությամբ:
Աղբյուր՝ cnn.com
Ղազախստանի առաջին նախագահի դուստրը և հանրապետության խորհրդարանի ստորին պալատի (մաջիլիի) պատգամավոր Դարիգա Նազարբաևան, դուրս է եկել իշխող «Նուր Օթան» կուսակցության քաղաքական խորհրդի կազմից: Տեղեկատվությունը հրապարակված է կառույցի պաշտոնական կայքում: Բացի Նազարբաևայից, թարմացված ցուցակում չկա նաև Ղազախստանի նախկին վարչապետ Ասկար Մամինը։
Աղբյուր՝ gazeta.ru
Պակիստանի զինվորականները հաստատել են, որ առնվազն 10 զինվոր է սպանվել այս շաբաթվա սկզբին հարավարևմտյան Բելուջիստան նահանգում անվտանգության անցակետի վրա հարձակման հետևանքով: Հարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը Կեչ շրջանում, որը գտնվում է Իրանի հետ երկրի արևմտյան սահմանի մոտ:
Աղբյուր՝ aljazeera.com
Ոսկու համաշխարհային խորհրդի (WGC) հաշվարկով՝ աշխարհում ոսկու պահանջարկը 2021 թվականի չորրորդ եռամսյակում հասել է 1147 հազար տոննայի: Սա ամենաբարձր եռամսյակային ցուցանիշն է 2019 թվականի երկրորդ եռամսյակից ի վեր, իսկ 2020 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ պահանջարկն աճել է մեկուկես անգամ: 2021 թվականի վերջին ոսկու պահանջարկը կազմել է 4021 հազար տոննա:
Աղբյուր՝ interfax.ru
Նամակը, որը գրվել է լիտվացի 12-ամյա աղջկան, հանձնվել է նրան դեկտեմբերին՝ լեհ գրչընկերոջ կողմից ուղարկվելուց գրեթե 51 տարի անց: «Ես կարծում էի, որ ինչ-որ մեկը կատակում է ինձ հետ», - ասել է Գենովեֆա Կլոնովսկան նամակը ստանալուց հետո, որի հետ եղել են ձեռագործ գունավոր վարդ և երկու թղթե տիկնիկ: Նամակը ևս 17 այլ նամակների հետ գտնվել է այս ամառ օդափոխության անցքից՝ կեղտոտ և պատառոտված, երբ քանդվել է Վիլնյուսի ծայրամասում գտնվող նախկին փոստատան պատը:
Աղբյուր՝ cnn.com
«ԿԱՄԱԶ» ընկերությունը այս տարի սկսում է ընդհանուր օգտագործման ճանապարհների համար ինքնագնաց բեռնատարների արտադրությունը: Առաջին 4 մեքենաները կերթևեկեն Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի միջև M11 «Նևա» մայրուղով թեստային ռեժիմով՝ «փորձարարական իրավական ռեժիմի» շրջանակներում:
Աղբյուր՝ vesti.ru
Սոցցանցերի չինացի օգտատերերը քննադատել են կանադացի դերասան Կիանու Ռիվզին՝ Տիբեթին պաշտպանող բարեգործական միջոցառմանն աջակցելու համար: Այս մասին գրում է Variety-ն: Մարտի 3-ին դերասանը այլ աստղերի հետ ելույթ կունենա ԱՄՆ-ում Տիբեթի տան կողմից կազմակերպվող համերգին, որն աջակցում է 1950 թվականին Չինաստանին միացված տարածաշրջանի անկախությանը պաշտոնական Պեկինից: Պեկինը բազմիցս հայտարարել է, որ Տիբեթը ՉԺՀ-ի անբաժանելի մասն է:
Աղբյուր՝ gazeta.ru
Տաջիկստանն ու Ղրղզստանն ուրբաթ օրը հայտարարեցին, որ համաձայնել են հրադադարի հաստատմանը այն բանից հետո, երբ վիճելի սահմանին փոխհրաձգության ժամանակ Տաջիկստանի երկու քաղաքացիներ սպանվեցին: Լարվածությունը, որը սկսվեց հինգշաբթի երեկոյան և շարունակվեց մինչև գիշեր, երկրների միջև ամենաարյունալի էսկալացիան էր անցյալ տարվա մահացու բախումներից հետո:
Աղբյուր՝ france24.com
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Մելբուռնում ընթացող Մեծ սաղավարտի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ խաղում հաղթել է իտալացի Մատեո Բերետինիին: Հանդիպումն ավարտվել է 6:3, 6:2, 3:6, 6:3 հաշվով՝ հօգուտ Նադալի: Հաղթողին բացահայտելու համար մարզիկներից պահանջվել է 2 ժամ 55 րոպե: Այս պահին Նադալն աշխարհի հինգերորդ ռակետն է, Բերետինին՝ յոթերորդը:
Աղբյուր՝ interfax.ru
Բոտիչելիի բացառիկ նկարը, որը պատկերում է Հիսուս Քրիստոսին, հինգշաբթի Նյու Յորքի Sotheby's աճուրդում վաճառվել է ավելի քան 45 միլիոն դոլարով՝ մեկ տարի անց, երբ Վերածննդի դարաշրջանի իտալացի վարպետի մեկ այլ աշխատանքի համար վճարվեց ռեկորդային 92 միլիոն դոլար:
Աղբյուր՝ france24.com
Հունվարի 27-ին ճապոնական Joy of Travel, Japan Travel Writers Association և SHEJAPAN կազմակերպությունների նախաձեռնությամբ և ՀՀ դեսպանության աջակցությամբ անցկացվել է առցանց միջոցառում: Անդրադարձ է կատարվել օտար երկրներում հայ համայնքների ձևավորման պատմությանը և առանձնահատկություններին։ Միջոցառման շրջանակներում նաև ներկայացվել են հայկական գինեգործության ավանդույթները, ինչի մասին խոսել է Ճապոնիայում հայկական գինիների ներկրմամբ զբաղվող Ancient World ընկերության ղեկավար Կոսուկե Տամուրան:
Աղբյուր՝ Ճապոնիայում ՀՀ դեսպանություն
Փետրվարի 7-ից Բելգիայի քաղաքացիները կարող են ստանալ արտերկիր մեկնելու անձնագրի նոր մոդել՝ բելգիական հայտնի կոմիքսների դիզայնով: Այս մասին հայտնում է RTBF հեռուստաալիքը: Նոր փաստաթղթի նկարազարդումների հերոսներն են արկածներ որոնող Բլեյքն ու Մորտիմերը, Սմուրֆիկները, Սպիրուն և Ֆանտազիոն, Բուլը և Բիլը, Հաջողակ Լյուկը, Լարգո Վինչ և այլք:
Աղբյուր՝ daily.afisha.ru
Քանդակագործ Դեն Մեդինան «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդ Քոբի Բրայանթի և նրա դստեր՝ Ջաննայի արձանը տեղադրել է ուղղաթիռի կործանման վայրում՝ ողբերգության երկրորդ տարելիցի կապակցությամբ: 73 կգ կշռող բրոնզե արձանը ժամանակավոր է, սակայն Մեդինան հուսով է, որ մշտական տարբերակը կկանգնեցվի Լոս Անջելեսի ինչ-որ նշանավոր վայրում:
Աղբյուր՝ bbc.com
ԱՄՆ-ը Չինաստանին կոչ է անում իր ազդեցությունը գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում Մոսկվային դեպի դիվանագիտություն ուղղորդելու համար: Այս մասին հինգշաբթի Պետդեպարտամենտում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը:
Աղբյուր՝ tass.ru